Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները հանդիպել են
Փետրվարի 19-ին Անկարայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեմ առ դեմ հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Ավելի վաղ նշել էինք, որ Ալիևը Էրդողանի հրավերով Թուրքիա է ժամանել Մյունխենից։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը:
Ալիևի և Էրդողանի մասնակցությամբ տեղի է ունեցել ադրբեջանա-թուրքական փաստաթղթերի ստորագրման արարողությունը։
Ադրբեջանի նախագահը նշել է, որ այսօր թուրք-ադրբեջանական միությունը կարևոր գործոն է դարձել ոչ միայն տարածաշրջանի, այլև Եվրասիայի համար, և հավելել, որ ինչպես միշտ, այս անգամ էլ նախագահական ընտրություններից հետո իր առաջին պաշտոնական այցը կատարել է Թուրքիա։
Իլհամ Ալիևը, համաձայն Ադրբեջանի որդեգրած քաղաքականության, իր ելույթում անդրադարձել է թուրք-ադրբեջանական տանդեմի կարևորությանը.
- Թուրքիան նոր բարձունքներ է նվաճում։ Շատ հարցեր կախված են Թուրքիայի դիրքորոշումից ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում։ Թուրքիան մեր տարածաշրջանում խաղաղության և համագործակցության երաշխավորն է:
- Թուրքիայի հզոր արդյունաբերական ներուժը, հզոր տնտեսությունը, ինչպես նաև ռազմական հզորությունը թյուրքական աշխարհին պատկանող յուրաքանչյուր մարդու համար կարևոր են:
- Թուրքիան մեզ հետ էր Ղարաբաղյան երկրորդ պատերազմի 44 օրերին։ Պատերազմի առաջին ժամերին Թուրքիայի (խմբ.) շատ հաստատակամ ու բաց հայտարարությունները շատերի համար լուրջ ուղերձ էին և շատերին խանգարում էին խաթարել այս գործը, սակայն «Ադրբեջանը մենակ չէ, Թուրքիան Ադրբեջանի հետ է» քաղաքական ու բարոյական աջակցությունը բավական էր մեզ, և մենք մարտի դաշտում ընդամենը 44 օրում լուծեցինք մեր պատմական հարցը, որը չկարողացանք խաղաղ ճանապարհով լուծել 30 տարի։
- Մեր համագործակցության կարևոր ուղղությունը ռազմական ոլորտում փոխգործակցությունն է։ Մեր բանակները մեկ բռունցքի նշանակությունն ունեն:
- Ղարաբաղյան երկրորդ պատերազմը և 5 ամիս առաջ մեր իրականացրած հակաահաբեկչական միջոցառումները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ թուրքական բանակի մոդելն ամբողջովին կայացել է Ադրբեջանում։
Ավելացնել նոր մեկնաբանություն