
Աբդոլլահիանը և Գուտերեշը քննարկել են Գազայում տիրող իրավիճակը
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հանդիպում է ունեցել և զրուցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հաղորդում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ հանդիպումը կայացել է Ժնևում՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նստաշրջանի շրջանակում:
Դիվանագիտական պատվիրակության հետ Իրանի արտաքին գործերի նախարարը Ժնև էր ժամանել կիրակի երեկոյան, որպեսզի մասնակցի Մարդու իրավունքների խորհրդի տարեկան նստաշրջանի և զինաթափման հարցերով բարձր մակարդակի նիստերին։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Գազայի հատվածում ստեղծված իրավիճակը և արդեն 5 ամիս շարունակվող պատերազմը։ Աբդոլլահիանն ու Գուտերեշն ընդգծել են ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու և բանակցություններ սկսելու անհրաժեշտությունը։
#Դետքի_հետագծով
Չնայած միջազգային հանրության բազմաթիվ կոչերին՝ Իսրայելի վարչակազմը չի դադարեցնում իր ռազմական գործողությունները Գազայի հատվածի դեմ։ Այս համատեքստում միջազգային դերակատարները տարբեր ջանքեր են գործադրում, որպեսզի հնարավոր լինի վերջ տալ պատերազմին, որը տասնյակ հազարավոր զոհերի պատճառ է դարձել։
Ավելացնել նոր մեկնաբանություն