Submitted by H.Andreasyan on
4

«Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների հարցը օրակարգում է. քննարկումներ են տեղի ունենում. Արթուր Հովհաննիսյան

«Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների հարցը մեզ անհանգստացնում է, ինչպես հանրության մեծ մասին։ Այդ հարցը մեր քաղաքական թիմի օրակարգում է։ Այս մասին ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն այսօր՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ։

«Այդ հարցը մեր քաղաքական թիմի օրակարգում է։ Քննարկումներ են տեղի ունենում։ Քննարկումների արդյունքում երբ որոշումներ կլինեն, այդ որոշումների մասին բոլորս կիմանանք ինստիտուցիոնալ ճանապարհով»,- նշել է նա։

Հարցին՝ քննարկվում է նրանց թիվը շատացնելո՞ւ, թե՞ դուրս հանելու տարբերակը, պատգամավորը պատասխանել է. «Ես կարծում եմ, որ մեր հանրության անհանգստությունները չեն վերաբերում նրան, որ սահմանապահների թիվը փոքր է, այլ նրան, որ սահմանապահները թիվ ունեն»։

Ըստ Հովհաննիսյանի՝ 6 տարիների ընթացքում բազմաթիվ իրողություններ ի հայտ եկան, և, հետևաբար, յուրաքանչյուր իրողություն իր հետևից պետք է բերի որոշակի դատողություններ, որոշումներ և գործողություններ։ 

«Նույն տրամաբանությամբ, ցավոք, ուշ գլխի ընկանք, որ ՀԱՊԿ անվտանգային կառույցը չի աշխատում։ Բայց սա ոչինչ չի նշանակում։ Սա նշանակում է՝ որ պահին խնդիր է առաջանում, պետք է գնալ և այդ խնդիրը լուծել»,- հավելել է նա։ 

Ավելացնել նոր մեկնաբանություն