Cubby

Ադրբեջանի արտաքին քաղաքական մարտավարությունը Արցախից հետո. տոտալ պատերազմ. Վարուժան Գեղամյան

«Բա հետո՞»-ի խնդիրը

2023 թվականի սեպտեմբերից հետո, երբ Ադրբեջանը մեկօրյա պատերազմում հաղթեց միայնակ մնացած Արցախի պաշտպանության բանակին և փաստացի լիարժեք նվաճեց Արցախի Հանրապետության տարածքը, հայաստանյան հասարակական-քաղաքական կարծիքում սկսեց թևածել յուրատեսակ անորոշություն, որը կարելի էր ձևակերպել «լավ, բա հետո՞» կենցաղային հարցի միջոցով։

Այս անորոշության պատճառը շատ պարզ է. հայության մեծամասնության ընկալումներում Արցախյան հիմնահարցը ուղղակի Արցախի հայության անկախացման կամ Հայաստանին միանալու հարց էր, որը, ըստ նույն տրամաբանության, Ադրբեջանի հետ մեր ունեցած հակամարտության միակ պատճառն է։ Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ դա ամբողջությամբ սխալ ընկալում է (Արցախյան հիմնահարցը հայ-թուրքական մշտական հակամարտության ընդամենը մի դրվագն է), և այդ ընկալման արմատացած լինելու հանգամանքի մեջ առաջին հերթին մեղավոր են ազգային վերնախավերը։ Այս պահին ավելի էական է այն, որ թեկուզ Արցախի հիմնահարցի` ոչ մեր օգտին լուծվելուց հետո մեր հանրությունն ու ազգային վերնախավերի մեծ մասը անկեղծորեն չեն հասկանում, թե ինչ է ուզում Ադրբեջանը (նաև Թուրքիան) և մնացած աշխարհաքաղաքական դերակատարները։ Չհասկանալով Ադրբեջան-Թուրքիա երկյակի մարտավարությունը՝ չի ստացվում հասկանալ մնացած խաղացողների գործողությունները։ Չկողմնորոշված այս վիճակը հանգեցնում է էլ ավելի մեծ հուսալքության, հասարակական բևեռացման տարբեր խմբերի (արևմտամետների ու ռուսամետների) միջև, հանրային ու քաղաքական մտքի ճգնաժամի։ Այս իրավիճակի խորացմանը էականորեն նպաստում են թշնամի Ադրբեջան-Թուրքիա երկյակը, քանի որ դա խիստ թուլացնում ու նվազեցնում է հայության դիմադրողականության ուժը։

Հենց այս խնդիրը հաշվի առնելով՝ փորձեմ ուրվագծել 2023 թվականից հետո Թուրքիա-Ադրբեջան զույգի մարտավարությունը մեր հանդեպ և տարածաշրջանում ընդհանրապես։ Սա մասամբ կպատասխանի «բա հետո՞» հարցին (իհարկե, եթե այս մարտավարությանը չհակադրվի որևէ իրական հայկական ուժ)։

Թուրքական ռազմավարության սկզբունքները

Վերջին 150 տարում Թուրքիայի մեծ ռազմավարությունը Հարավային Կովկասի հանդեպ անփոփոխ կերպով հետևյալն է. ստեղծել Հարավային Կովկասում ամուր հենակետ՝ իր համար հետաքրքրություն ներկայացնող այլ հարակից գոտիներ ու տարածաշրջաններ տարածվելու համար։ Այս նպատակով Թուրքիան (նախկինում՝ Օսմանյան կայսրությունը) մի քանի փորձ արեց ուղիղ ռազմական միջամտության միջոցով գրավել Հարավային Կովկասը, սակայն այդ փորձերը չհաջողվեցին նախ տեղական դիմադրության, ապա տարածաշրջանի այլ խաղացողների (հատկապես՝ Իրան և Ռուսաստան) ակտիվ միջամտության շնորհիվ։ Այստեղ միջանկյալ ևս մեկ անգամ հիշեցնենք, որ վերջիններիս միջամտությունը բխում էր սեփական շահերից, այլ ոչ թե բարեգործության կամ «ժողովուրդների փրկության» առաքելությունից (զավեշտալի է, որ դեռ կարիք կա այս իրողությունը բացատրելու)։

Ռազմական նվաճման տապալումից հետո Թուրքիան դիմեց այլ մարտավարության։ Կովկասի աստիճանական նվաճումը և այլ տարածքների (մասնավորապես՝ Իրանի հյուսիսի, Կովկասի հյուսիսի, Կենտրոնական Ասիայի թյուրքախոս գոտիների) հետ կապը ապահովելու համար թուրքական վերնախավը նախաձեռնեց և իրականացրեց մի հետաքրքիր նախագիծ։ Հարավային Կովկասի ռազմավարական ամենակարևոր կտորներից մեկում՝ Կասպից ծովից արևմուտք ընկած շրջաններում, որտեղ բնակչության մեջ մեծ թիվ էին կազմում թյուրքախոս մուսուլմանները, ստեղծել թյուրքական պետական կազմավորում, որը փաստացի կլինի «փոքր Թուրքիա՝ մեծ Թուրքիայի կողքին» և կծառայի որպես թուրքական գլխավոր գործիքը՝ Հարավային Կովկասի նվաճման համար։ Այսպես` օսմանյան պալատում նախագծվեց «Ադրբեջան» պետության գաղափարը, որը հաջողությամբ իրականացրեց օսմանյան բանակը 1918 թվականին։ Այդ դեպքերից ավելի քան հարյուր տարի անց կարելի է ասել, որ այս մարտավարությունը միջին արդյունավետությամբ, սակայն աշխատում է։

1990-ականներից ի վեր Ադրբեջանի քաղաքական վերնախավը թեև մի քանի փորձեր ձեռնարկել է դուրս գալու Թուրքիայի գծած շրջանակից, սակայն ապարդյուն. իր էությամբ Ադրբեջանը թուրքական նախագիծ է և շարունակելու է լինել այդպիսին։ Հատկապես որ Թուրքիան չի պլանավորում թույլ տալ Ադրբեջանի իրական անկախացում իրենից։ Ճիշտ հակառակը, վերջին տարիներին երկու պետական համակարգերի մեծածավալ ինտեգրացիան հուշում է, որ գործ ունենք պետությունների միաձուլման հետ։ Այստեղից կարելի է անել շատ պարզ եզրահանգում. Ադրբեջանի վարած արտաքին քաղաքականությունը տեղավորվում է Թուրքիայի արտաքին քաղաքական նպատակների մեջ։ Ուստի ադրբեջանական քաղաքականությունը ոչ թե փոքր երկրին բնորոշ զգուշավորությամբ ու փոխզիջումների սկզբունքով է առաջնորդվում (ինչպես շատերը պատկերացնում են), այլ կայսերական նպատակներ ունեցող թուրքական տերության։

Այսպիսով` ամփոփենք ռազմավարական հիմնական խնդիրը. չեզոքացնել Հայաստանը` որպես առանձին ու ինքնուրույն քաղաքական միավոր։ Այդ ուղղությամբ ամենաարդյունավետ քայլը եղել է 1915 թ. Հայոց ցեղասպանությունը, 1920 թ. հայ-թուրքական պատերազմը, 1921 թ. Նախիջևանի անջատումը Հայաստանից, իսկ մեր օրերում՝ Արցախի նվաճումը։ Այժմ թիրախում մյուս ռազմավարական առաջնահերթությունն է՝ Սյունիքը։

Կարևոր է մտապահել, որ թուրքական ընկալման մեջ Հայաստանը զուտ միայն հայկական սպառնալիք չէ։ Այս տարածքում հայկական պետության գոյությունը, որը ինքնաբերաբար ենթադրում է հակադրում թուրքական ծավալապաշտությանը (քանի որ Թուրքիան ցանկանում է գրավել ողջ Կովկասը, ինչը բացառում է հայկական անկախ միավորի գոյություն), յուրահատուկ աշխարհաքաղաքական մագնիսական ուժով դեպի իրեն է ձգելու Թուրքիայի տարածաշրջանային հավակնությունների դեմ հանդես եկող բազմաթիվ ուժերի (ինչպես մեր օրերում՝ Իրանին)։ Այս պատճառով հայ-թյուրքական հակամարտությունը թուրքական քաղաքական վերնախավերի ընկալումներում մաս է Թուրքիայի մեծ աշխարհաքաղաքական պայքարի, որը մղվում է դեռ Օսմանյան կայսրության օրերից։

Ռազմավարական այս սկզբունքները պետք է հիշել մնացած մարտավարական գործողությունները հասկանալու համար։

Սկզբնաղբյուրը՝ turkaget.am

Ավելացնել նոր մեկնաբանություն