Փաշինյանը` Տավուշի գյուղերը հանձնելու՝ Ադրբեջանի պահանջների մասին
Երբեք ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և խոսք չի կարող լինել Տավուշի մարզի որևէ գյուղ հանձնելու մասին։ Այս մասին այսօր՝ մարտի 12-ին, հրավիրված մամուլի ասուլիսին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Տավուշի 4 գյուղերը հանձնելու մասին պահանջներին։
«Երբեք ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և խոսք չի կարող լինել Տավուշի մարզի որևէ գյուղ հանձնելու մասին։ Երբ ադրբեջանական մամուլում բարձաձայնվում էին գյուղերի անուններ, Հայաստանի Հանրապետության տարածքում երբեք այդպիսի անուններով գյուղեր չեն եղել, ընդ որում` ոչ միայն խորհրդային ժամանակներում, այլև դրանից հետո»,- նշել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Ալմա Աթայի հռչակագիրը դարձել է սահմանները և փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հիմք․ «Խորհրդային միության փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանը Ալմա Աթայի հռչակագրով և ոչ միայն այդ հռչակագրով, այլև 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրագայում տեղի ունեցած համաձայնություններով վերահաստատվել է՝ Ալմա Աթայի հռչակագիրը դարձել է սահմանները և փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հիմք։
Հետևաբար այդ համաձայնությունների բերումով ադմինիստրատիվ նախկին սահմանը, որը Խորհրդային միության ժամանակ գոյություն է ունեցել, այդ ադմինիստրատիվ սահմանից ինչ-որ գտնվում է դեպի այն կողմ, պայմանականորեն Ադրբեջան է, ինչը գտնվում է այս կողմ, Հայաստան է։ Դելիմիտացիայի գործընթացում մենք պետք է աշխատենք որևէ ֆորմատով այդ սահմանը վերարտադրելու վրա։ Մենք պետք է ելնենք դե յուրե իրողությունից։ Այն, ինչը Հայաստանն է, Հայաստանն է, ինչը Հայաստան չէ, Հայաստան չէ»։
Ավելացնել նոր մեկնաբանություն