Ընտրելու ենք կա՛մ սողալը, կա՛մ պատվով շարունակելու մեր երթը․ Բագրատ Սրբազան
«Մենք ենք կատարելու ընտրությունը՝ ինչ տեսակով ենք ուզելու ապրել՝ գետնաքա՞րշ, սողալո՞վ , թե՞ ոտքի վրա ու պատվով։ Մենք գիտենք, որ Արցախը հանձնելով՝ պատմության վերջին էջը շրջեցինք, ինչպես մեր ազգային հերոս Մոնթե Մելքոնյանն էր ասում։ Տավուշի այս գյուղերի հանձնումը կլինի հայության պատմության գիրքը փակել։ Քանի որ մենք հիմա մի տեսակ դրված ենք դագաղի մեջ, և այդ վերջին մեխերը կլինեն հարվածելու այդ դագաղին, որպեսզի հարության հույս էլ չունենանք։ Բայց չի՛ լինելու այդպես»,- այս մասին Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցում իր քարոզի ժամանակ ասել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:
«Մենք ձեզ հետ պատերազմ չենք կարող գնալ․ տեսել եմ ձեր վարած պատերազմը, ՀՀ կառավարություն և նրա գլուխ: Եվ այո΄, այսօրվա պատերազմը ողբերգական կլինի, քանի որ դուք եք լինելու նրա առաջին պատասխանատուն և մեղավորը: Մի΄ վախեցրեք պատերազմով, ո΄չ մի ձևով և որևէ մեկին էլ պատասխանատու չկարգեք, դուք եք բերել այսօրվա վիճակին հասցրել, անընդհատ կործանումներով, ուրացումներով, խաբեությամբ, մոլորություններով, դավաճանություններով, կորուստներով հասցրել եք այս օրվան, և դուք էլ դրա պատասխանատուն եք: Որևէ մեկ միլիմետր հող, մի թիզ հող այստեղից փորձեք, դա կլինի ձեր վերջը ուղղակիորեն, այս ամբողջ «քաղաքականության», սա արդեն անհանդուժելի է»,- ասել է նա:
Բագրատ Սրբազանը նշել է, որ չի կարող լինել լավ ու բարեկեցիկ կյանք, եթե դու ոչ հող ունես, ոչ հայրենիք ունես, ոչ տուն ունես. «Մեր ընտրությունն է լինելու։ Հյուսիսն ինչ կասի, Արևմուտքն ինչ կասի, Հարավն ինչ կասի, Արևելքն ինչ կասի՝ բացարձակ նշանակություն չունի: Չես կարող բարեկեցիկ լինել, եթե տուն չունես: Ընտրելու ենք կա՛մ սողալը, կա՛մ պատվով և արժանապատվությամբ շարունակելու մեր երթը որպես մի ազգ, որն ունի Աստծո արդարության և ճշմարտության ապրումը և ուզում է դրանք գործադրել որպես իր կյանքի սկզբունք»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Ավելացնել նոր մեկնաբանություն