Submitted by H.Andreasyan on
9

Հայաստանը գործադրում է բոլոր ջանքերն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար․ Միրզոյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուին ներկայացրել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ղազախստանի ԱԳ նախարարի հետ Երևանում կայացած հանդիպումից հետո այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Եվս մեկ անգամ հնարավորություն ունեցա ընդգծելու, որ Հայաստանը նվիրված և հավատարիմ է խաղաղության օրակարգին ու գործադրում է բոլոր ջանքերն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար՝ հիմնված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և սահմանների հետագա սահմանազատման վրա։ Գաղտնիք չէ, որ այս հարցերում առանցքային է 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը, որով Խորհրդային միության նախկին հանրապետությունները ճանաչել են նորանկախ հանրապետությունների միջև միջազգային պետական սահմանները։ Ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հիմնական սկզբունքներն են, որոնց հիման վրա պատկերացնում ենք խաղաղությունը և ներդաշնակությունը Հարավային Կովկասում և շատ ավելի լայն տարածաշրջանում»,- ընդգծել է Միրզոյանը։

Ավելացնել նոր մեկնաբանություն