Հայաստանի Հանրապետությունն իր տարածքը մետր առ մետր կարող է ցույց տալ. Ալեն Սիմոնյան
Հայաստանի Հանրապետությունն իր տարածքի որևիցե մաս սակարկման չի ենթարկում, և չկա ՀՀ որևիցե գյուղ, որը կարող է որևէ մեկին հանձնվել: Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Հայաստանի Հանրապետությունն իր տարածքը մետր առ մետր կարող է ցույց տալ բոլոր թվականների քարտեզներով՝ Խորհրդային Հայաստանի ստեղծումից սկսած մինչև Հայաստանի անկախացումը։
Կոնկրետ սահմանի տեղը Հայաստանի Հանրապետությունը գիտի, Տավուշի այն բնակիչները, որոնք ապրում են այնտեղ, գիտեն։ Եվ Հայաստանի Հանրապետության բոլոր իշխանությունները շատ լավ իմացել են, և մենք էլ բոլորս Վրաստան գնալուց միշտ տեսել ենք այդ հատվածը։ Մենք որևիցե նոր բանի մասին չենք խոսում։ Հայաստանի Հանրապետությունը իր տարածքի որևիցե մաս սակարկման չի ենթարկում»,- պարզաբանել է Սիմոնյանը։
ԱԺ նախագահը վստահեցրել է, որ իրենք հաշվարկել են այն վտանգները, որոնք կարող են լինել Ադրբեջանի պահանջած 4 գյուղերը հանձելու դեպքում:
«Հենց այդ հաշվարկն է դրված եղել ամեն ինչի հիմքում»,- հայտարարել է նա՝ նշելով, թե իրենց համար ընդունելի է, որ քարտեզագրումը սկսվի Տավուշի մարզից, քանի որ այնտեղ առավել քիչ են վիճելի մասերը:
Ավելացնել նոր մեկնաբանություն