Ֆրանսիան չպետք է խաթարի Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու ջանքերը. Իտալիայի ԱԳՆ
Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության փոխնախարար Էդմոնդո Սիրիելին քննադատել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեի հայտարարությունները հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:
Այս մասին հաղորդում է «Դետք»-ը՝ հղում անելով իտալական «Giornale Diplomatico» թերթին։
Մեկնաբանելով ֆրանսիացի նախարարի խոսքերը, որոնք հնչել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ ասուլիսում, Է. Սիրիելին նշել է, որ ադրբեջանա-հայկական խաղաղության գործընթացում ներգրավված կողմերից բացի` այլ կառույցների ներկայացուցիչների ցանկացած անհեռատես հայտարարություն կարող է իրավիճակը սրել:
«Ադրբեջանը, հյուրընկալելով ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (COP29) 29-րդ նստաշրջանը, պատասխանատու դիրք է գրավում, և Ֆրանսիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի հայտարարություններն անշուշտ չեն նպաստում իրավիճակի լիցքաթափմանը»,- ասել է Էդմոնդո Սիրիելին:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն մեկնաբանել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի կողմից Ադրբեջանի հասցեին հնչեցված մեղադրանքները:
Ա. Հաջիզադեն ընդգծել է, որ ֆրանսիացի նախարարի հայտարարությունները «տարածաշրջանում ակնհայտ լարվածություն ստեղծելու և խաղաղության գործընթացը խոչընդոտելու Ֆրանսիայի փորձերի ևս մեկ վառ օրինակ են»։
Ավելացնել նոր մեկնաբանություն