Տավուշի սահմանային հատվածներում կոորդինատները հստակեցնելու ու նախագիծ կազմելու համար աշխատանքային խումբ կստեղծվի
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից աշխատանքային խումբ կստեղծվի: Որոշումն այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ընդունել։
Վարչապետի որոշման համաձայն, աշխատանքային խումբը Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև սահմանագծի համապատասխան հատվածների՝ տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կոորդինատները կհստակեցնի ու համապատասխան Արձանագրություն-նկարագրության նախագիծ կկազմի։
Աշխատանքային խմբում կներգրավվեն ոլորտային մասնագետներ՝ գեոդեզիստներ և քարտեզագիրներ։ Կհաստատվի աշխատանքային խմբի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
Իսկ պաշտպանության նախարարին, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին, Կադաստրի կոմիտեի ղեկավարին և Ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ վարչապետի որոշմամբ, հանձնարարվել է անհրաժեշտ օժանդակություն ապահովել խմբի աշխատանքներին:
Ապրիլի 19-ին Երևանն ու Բաքուն հայտարարեցին, թե «նախնանական համաձայնեցրել են» Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։
Ըստ այդմ, հայկական կողմը հետ կքաշվի Բաղանիս-Այրում, Աշաղը Ասկիպարա, Խեյրիմլի ու Ղըզըլհաջիլի գյուղերի ուղղություններով։ Կոորդինատների հստակեցումը պիտի ձևակերպվի արձանագրություն-նկարագրությամբ, ինչը պետք է համաձայնեցվի ու ստորագրվի մինչև 2024թ. մայիսի 15-ը, ինչից հետո այդ հատվածներում սահմանագիծը կհամարվի սահմանազատված։
Գործընթացն առայժմ չի վերաբերվում Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքներին, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են, և Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածին, որը դեռ մնում է հայկական վերահսկողության տակ:
Ավելացնել նոր մեկնաբանություն