
Ո՞վ պետք է պաշտպանի ՀՀ սահմանը, և ինչո՞վ պետք է զբաղվի կանոնավոր բանակը
«Դետք»-ի զրուցակիցն է ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը:
- Հայաստանի իշխանությունները հայտարարում են այն մասին, որ Տավուշում սահմանազատումից հետո տվյալ հատվածներում ծառայություն իրականացնելու է ոչ թե ՊՆ-ն, այլ ԱԱԾ սահմանապահ զորքերը: Այս հանգամանքն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ անվտանգության տեսանկյունից:
- Շատ կարևոր է, թե ինչ պատրաստություն ունեն այդ սահմանապահները: Օրինակ` եթե դիտարկենք Ադրբեջանը, նրանց սահմանապահ զորքերը սովորական բանակից այդքան էլ չեն տարբերվում, կարելի է ասել` նույն մակարդակի են` բավական մեծ քանակի ռազմական տեխնիկայով և ուրիշ այլ միջոցներով: Մեր պարագայում սահմանապահ ուժերը դեռ այդքան էլ զարգացած չեն, և եթե նման որոշում կա, որ սահմանազատված հատվածներում պետք է ծառայություն իրականացնեն սահմանապահ զորքերը, ապա պետք է գոնե այս ուղղությամբ շատ ինտենսիվ աշխատանքներ տանել: Այնպես չէ, որ բանակում իդեալական է սահմանը պահող զինծառայողների պատրաստությունը, սակայն սահմանապահ զորքերը պետք է գոնե հավասարազոր լինեն նրանց: Պետք է այնպես անել, որ այդ տարբերությունը մեծ չլինի:
Հիմա սահմանագծի կարճ հատված է սահմանազատվել, և հնարավոր կլինի գտնել պատրաստված սահմանապահների մեկ բատալիոն: Դեռ սահմանի մեկ կտորի մասին ենք խոսում, բայց եթե խոսքը գնում է այն մասին, որ ամբողջ սահմանը հանձնվի սահմանապահ զորքին, ասենք, մոտակա տարիներին, ապա հենց հիմա պետք է շատ ինտենսիվորեն սահմանապահ զորքերը վերապատրաստելով ու վերակառուցելով զբաղվեն:
- Դուք էլ խոսեցիք ադրբեջանական սահմանապահների մասին` ընդգծելով նրանց պատրաստվածությունը: Այս օրերին սոցիալական ցանցերում հայտնվում են տեսանյութեր, թե ինչպես են իրենց իբր սահմանապահները` ամբողջապես զինված, հայտարարում, թե շուտով ծառայություն են իրականացնելու «Զանգեզուրի միջանցքում» և որ, իբր, պատրաստվում են միացնել Նախիջևանը Ադրբեջանին: Այստեղ տեսնո՞ւմ եք իրական սպառնալիք, թե՞ քարոզչական նյութերի հետ գործ ունենք:
- Ինձ թվում է, որ մեծ գործողություն սահմանապահ զորքերով չեն անի: Ինչքան էլ նրանք զինված են, բայց չեն համեմատվի սովորական բանակային ուժերի հետ: Բացի դրանից` Ադրբեջանն իր գործողությունների ժամանակ օգտագործում է մեծ քանակի հատուկ ջոկատային զորքեր, իսկ սահմանապահները խնդիր լուծող չեն, նրանք կարող են մասնակցել արդեն իսկ գրավված տարածքները պահելու գործընթացին:
- Քննարկվում է նաև այն հարցը, որ հնարավոր է սահմանապահների համազգեստի տակ սահման բերվեն հատուկ պատրաստություն անցած ուժեր: Ի՞նչ կասեք այս առնչությամբ:
- Դա հնարավոր սցենար է և կարող է ինչ-որ իմաստով նաև օրինական լինել: Կարող են, ասենք, սպային հատուկ նշանակության ջոկատից տեղափոխել սահմանապահ զորքեր, և ոչ ոք չի կարող ասել` ինչու եք այդպես անում:
- Նախօրեին Հանրային հեռուստաընկերությունում հարցազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսեց այն մասին, որ, իբրև, Հայաստանում շատ պարտավորություններ են դրվում զինվորի վրա` անվտանգային, դիվանագիտական, տնտեսական և այլն, և ասաց, որ պետք է թեթևացնել զինվորի վրա դրված բեռը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը:
- Բավականին հետաքրքիր միտք է, որը մոտ է իրականությանը: Այո', կանոնավոր բանակի զինվորը պետք է նույնիսկ դիրք պահելով չզբաղվի և պետք է իրենից ներկայացնի առավել մոբիլ ուժ: Իսկ դիրքը կարող են պահել հենց նույն սահմանապահ զորքերը, կամ, օրինակ, տարածքային պաշտպանության զորքերը, որոնց որակավորումը, անկախ նրանից` ինչքան լավ են այդ գործով զբաղվում, ավելի ցածր է լինելու: Իսկ կանոնավոր բանակը պետք է անընդհատ ուսումնական գործընթացներով անցնի, զորավարժանքների մասնակցի և իմանա շատ ավելին, քան դիրք պահելը:
- Ըստ Ձեզ` հիմա այդ ուղղությա՞մբ է գնում ՀՀ զինված ուժերը:
- Ես, ճիշտն ասած, դժվարանում եմ պատասխանել` գնում է այդ ճանապարհով, թե ոչ, բայց լավ կլինի, որ գնա:
Ավելացնել նոր մեկնաբանություն