Բաքուն անկարգություններ է հրահրում ֆրանսիական Նոր Կալեդոնիա նահանգում
Ի պատասխան Փարիզի կողմից Երևանին սպառազինության մատակարարմանը` Բաքուն հերթական բացահայտ սադրանքն է թույլ տվել Ֆրանսիայի դեմ: Ֆրանսիայի հատուկ ծառայությունները պարզել են, որ Բաքվի Հանրապետությունն ուղիղ առնչություն ունի ֆրանսիական Նոր Կալեդոնիա նահանգում շարունակվող զանգվածային անկարգությունների կազմակերպմանը: Դրանց հետևանքով կան զոհեր ու վիրավորներ:
Բաքուն միշտ փորձում է Ֆրանսիայի համար նոր ցավոտ տեղեր գտնել, որոնց սեղմելով` կարող է խնդիրներ ստեղծել Մակրոնի և Փարիզի համար:
Նոր Կալեդոնիայում բողոքի ալիքի առիթը եղավ այն, որ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը մայիսի 14-ին ընդունեց օրինագիծ, որն առաջարկում է տեղական ընտրություններում մասնակցելու իրավունք տալ նաև այն բոլոր մարդկանց, որոնք վերջին 10 տարվա ընթացքում ապրում են Նոր Կալեդոնիայում: Մինչ այդ քվեարկելու իրավունք ունեին միայն նրանք, ովքեր Նոր Կալեդոնիայում բնակվում էին մինչև 1998 թ., և նրանց ժառանգները: Այսինքն՝ անջատողականները կարծում են, որ այս նոր օրենքն իրենց կխանգարի հաղթել անկախության հանրաքվեի ժամանակ, եթե այդպիսին կրկին գումարվի ու անցկացվի:
Արդյունքում Նոր Կալեդոնիայի մայրաքաղաք Նումեայում սկսվեցին զանգվածային բողոքի ալիքներ, որոնք վերածվեցին բախումների ոստիկանների ու ցուցարարների միջև, անկարգություններ, որոնց ժամանակ հրկիզվում էին մեքենաներ, խանութներ, բանկեր:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը Բաքվին մեղադրել է Նոր Կալեդոնիայի ներքին գործերին միջամտելու և խաղաղօվկիանոսյան կղզում անկարգությունների հետ կապ ունենալու մեջ:
Բաքվի ԱԳՆ-ն իր հերթին հայտարարել է, որ կտրականապես հերքում և վճռականորեն դատապարտում է Ֆրանսիայի ՆԳ նախարարի մեղադրանքները։
Նշենք, որ ավելի վաղ Նոր Կալեդոնիայում բողոքի ակցիաների ժամանակ ադրբեջանական դրոշներ էին նկատվել, ավելին` ապրիլի 18-ին Բաքուն ու Նոր Կալեդոնիան համագործակցության հուշագիր են կնքել։
Ավելացնել նոր մեկնաբանություն