Submitted by H.Andreasyan on

Վրաստանը կորցնելուց հետո Արևմուտքի համար Հայաստանի կշիռն ու նշանակությունն ավելի են աճելու․ քաղաքագետ

Քաղաքագետ Գարիկ Քեռյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վերջին ներքաղաքական իրադարձությունները Վրաստանում փոխել են տարածաշրջանի գեոպոլիտիկ քարտեզը: Ինչպիսին էր այն ոչ վաղ անցյալում: 2003 թ. Վարդերի հեղափոխությունից հետո Սահակաշվիլիի կառավարությունը երկիրը պոկեց ռուսական ազդեցության գոտուց և որդեգրեց արևմտյան տնտեսական և ռազմաքաղաքական կառույցներում ինտեգրվելու հաստատուն քաղաքականություն: Շատ լուրջ ռեֆորմներ իրականացվեցին Վրաստանը արևմտյան մոդելի պետության վերածելու ուղղությամբ:

Արդյունքում երկիրը ստացավ 2008 թ. ռուս-վրացական պատերազմը, կորցրեց Հարավային Օսիան և Աբխազիան: Հեղինակազրկված Սահակաշվիլին պարտվեց 2012 թ. և իշխանությունից զրկվեց, և սկսվեց հակառակ գործընթացը, որը գլխավորում է ստվերային ղեկավար, օլիգարխ Բիձինա Իվանիշվիլին:

Աստիճանական հեռացումը արևմտյան կողմնորոշումից իր գագաթնակետին հասավ 2022 թ. ուկրաինական ճգնաժամի ժամանակ: Վրաստանը, հակադրվելով Վաշինգտոնի և Բրյուսելի ճնշումներին, չմիացավ հակառուսական պատժամիջոցներին: Իսկ այս ամիս Վրաստանի խորհրդարանի ընդունած օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը կարծես թե ավարտին է հասցրել Արևմուտքից հեռանալու տասը տարի շարունակվող դրեյֆը:

Ստացվում է Հարավային Կովկասի հետևյալ քաղաքական քարտեզը: Ադրբեջանը, պաշտոնապես իրեն դիրքավորելով որպես չեզոք և չմիացած երկիր, իրականում բոլոր առումներով սերտ ինտեգրացման մեջ է Թուրքիայի հետ և թուրքական ազդեցության տակ գտնվող երկիր է՝ մեկ ազգ, երկու պետություն հայեցակարգով: Վրաստանի կարգավիճակը արդեն պարզվում է, մնում է Հայաստանը, որի համար պայքարը կարող է մոտ ապագայում ավելի սրվել:

Վրաստանը կորցնելուց հետո, հասկանալի է, որ Արևմուտքի համար Հայաստանի կշիռն ու նշանակությունն ավելի են աճելու: ՀՀ արտաքին քաղաքական վեկտորի ուղղությունն անշուշտ կապված Է իշխանափոխության սկսված գործընթացի արդյունքների հետ: Ստացվում է, որ Փաշինյան-Բագրատ Սրբազան դիմակայությունն ունի տարածաշրջանում ուժային կենտրոնների ազդեցության նոր դասավորվածության հաստատման նշանակություն»:

Ավելացնել նոր մեկնաբանություն