Վրաստանը կորցնելուց հետո Արևմուտքի համար Հայաստանի կշիռն ու նշանակությունն ավելի են աճելու․ քաղաքագետ
Քաղաքագետ Գարիկ Քեռյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վերջին ներքաղաքական իրադարձությունները Վրաստանում փոխել են տարածաշրջանի գեոպոլիտիկ քարտեզը: Ինչպիսին էր այն ոչ վաղ անցյալում: 2003 թ. Վարդերի հեղափոխությունից հետո Սահակաշվիլիի կառավարությունը երկիրը պոկեց ռուսական ազդեցության գոտուց և որդեգրեց արևմտյան տնտեսական և ռազմաքաղաքական կառույցներում ինտեգրվելու հաստատուն քաղաքականություն: Շատ լուրջ ռեֆորմներ իրականացվեցին Վրաստանը արևմտյան մոդելի պետության վերածելու ուղղությամբ:
Արդյունքում երկիրը ստացավ 2008 թ. ռուս-վրացական պատերազմը, կորցրեց Հարավային Օսիան և Աբխազիան: Հեղինակազրկված Սահակաշվիլին պարտվեց 2012 թ. և իշխանությունից զրկվեց, և սկսվեց հակառակ գործընթացը, որը գլխավորում է ստվերային ղեկավար, օլիգարխ Բիձինա Իվանիշվիլին:
Աստիճանական հեռացումը արևմտյան կողմնորոշումից իր գագաթնակետին հասավ 2022 թ. ուկրաինական ճգնաժամի ժամանակ: Վրաստանը, հակադրվելով Վաշինգտոնի և Բրյուսելի ճնշումներին, չմիացավ հակառուսական պատժամիջոցներին: Իսկ այս ամիս Վրաստանի խորհրդարանի ընդունած օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը կարծես թե ավարտին է հասցրել Արևմուտքից հեռանալու տասը տարի շարունակվող դրեյֆը:
Ստացվում է Հարավային Կովկասի հետևյալ քաղաքական քարտեզը: Ադրբեջանը, պաշտոնապես իրեն դիրքավորելով որպես չեզոք և չմիացած երկիր, իրականում բոլոր առումներով սերտ ինտեգրացման մեջ է Թուրքիայի հետ և թուրքական ազդեցության տակ գտնվող երկիր է՝ մեկ ազգ, երկու պետություն հայեցակարգով: Վրաստանի կարգավիճակը արդեն պարզվում է, մնում է Հայաստանը, որի համար պայքարը կարող է մոտ ապագայում ավելի սրվել:
Վրաստանը կորցնելուց հետո, հասկանալի է, որ Արևմուտքի համար Հայաստանի կշիռն ու նշանակությունն ավելի են աճելու: ՀՀ արտաքին քաղաքական վեկտորի ուղղությունն անշուշտ կապված Է իշխանափոխության սկսված գործընթացի արդյունքների հետ: Ստացվում է, որ Փաշինյան-Բագրատ Սրբազան դիմակայությունն ունի տարածաշրջանում ուժային կենտրոնների ազդեցության նոր դասավորվածության հաստատման նշանակություն»:
Add new comment