Submitted by H.Andreasyan on
m

Բաքուն և Երևանը միմյանց Սահմանադրությունում խնդիրներ են տեսնում երկարատև խաղաղության հաստատման համար․ Միրզոյան

Կողմերը՝ և՛ Հայաստանը, և՛ Բաքվի Հանրապետությունը (խմբ․), իրար առջև բարձրաձայնել են դիրքորոշում, համաձայն որի՝ յուրաքանչյուրը մյուսի Սահմանադրության մեջ էական խնդիրներ և խոչընդոտներ է տեսնում երկարատև խաղաղության հաստատման համար: Սա ամենևին չի նշանակում, որ, օրինակ, ՀՀ-ում Սահմանադրության փոփոխությունների հարցը Հայաստանի և Բաքվի Հանրապետության (խմբ․) միջև բանակցությունների առարկա է կամ օրակարգի մաս է: Այդպիսի բան չկա:

«Լուրերի» հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում 2023 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի դիտարկմանը, թե հայկական կողմը մտադրություն ունի՞ ադրբեջանական պահանջով Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարել:

«Իհարկե, ես չեմ ժխտում, որ մենք էլ ենք ասում, իրենք էլ են ասում, և համոզմունք ունենք, որ և՛ մեր, և՛ իրենց Սահմանադրությունը չի կարող խնդիր լինել իրավական առումով երկարատև խաղաղության հաստատման համար:

Ինչ վերաբերում է մեր սահմանադրական փոփոխություններին և մեր Կառավարության կողմից այդ մասին բարձրաձայնելուն, ապա արժե, որ թարմացնեք ձեր հիշողությունը: Մենք այս մասին խոսում ենք առնվազն 2018 թվականից: Սա մեր գործն է, սա ներքին որոշելիք է Կառավարության, այնուհետև՝ հանրաքվեի տեսքով, եթե կհասնենք այդ փուլին»,- նշել է նախարարը:

Եզրափակելով խոսքը՝ Արարատ Միրզոյանը հայտարարել է. «Հայաստան-Բաքվի Հանրապետություն (խմբ․) բանակցությունների օրակարգի մաս ո՛չ մեր, ո՛չ իրենց Սահմանադրության փոփոխությունները չեն կազմում»:

Ավելացնել նոր մեկնաբանություն