Submitted by M. Gasparyan on
Alen Simonyan

ՀՀ ԱԺ նախագահը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցման ուղիների բացումը ձեռնտու է նաև Ադրբեջանին. Armenpress

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ եթե ինչ-որ պահի հնարավոր լինի կամ առաջարկ լինի վերադառնալ երկու երկրների միջև կոմունիկացիաների վերահսկումն այլ կազմակերպությանը պատվիրակելու տարբերակին, ապա դա կարող է լինել քննարկելի։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԺ նախագահը նման կարծիք հայտնեց լրագրողների հետ ճեպազրույցի ընթացում՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյոք համաձայնություն կայացել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պատվիրակեն Սյունիքի ճանապարհը օտարերկրյա որևէ կազմակերպության:

«Ես չեմ հիշում, որ նման հարց կա խաղաղության պայմանագրի մեջ. մեր դիրքորոշումն այն է, որ մենք պատրաստ ենք բոլոր ճանապարհների և հնարավոր կոմունիկացիաների բացմանը, որը ձեռնտու է նաև Ադրբեջանին»,- ասաց Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ այս պահին որևէ մեկնաբանություն դրա հետ կապված չի կարող անել:

Դիտարկմանը, որ դրա մասին խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020 թվականին, Ալեն Սիմոնյանը հիշեցրեց, որ դրանից անցել է 4 տարի և այդ ընթացքում շատ ջրեր են հոսել։ 

«ՀՀ տարածքում որևէ գործունեություն իրականացնելու համար մենք ստեղծել ենք նաև ԱԱԾ-ի համապատասխան բաժին, որը պատասխանատու է և կարող է այդ գործառույթն իրականացնել: Եթե ինչ-որ պահի հնարավոր կլինի կամ առաջարկ կլինի վերադառնալ այդ տարբերակին, դա կարող է լինել քննարկելի: Բայց չեմ կարծում, որ դա կարող է լինել տարածաշրջանային որևէ երկիր»,- հայտնեց ԱԺ նախագահը՝ նշելով, որ այս պահին նման խոսակցություն չկա:

Ավելացնել նոր մեկնաբանություն