Արցախն Ադրբեջանի մաս ճանաչել է բացառապես Փաշինյանը, և նա դա երբեք հերքել ու փոխել չի կարող. Տաթև Հայրապետյան
Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը տելեգրամյան ալիքում գրում է. «Երեկ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարել է՝ «Պետք է 2018-ին ասեի, որ ԼՂ-ն պետք է լինի Ադրբեջանի կազմում, իմ ձախողումն է, որ չեմ ասել»։ Վերջերս իմ հարցազրույցներից մեկում նշել էի, որ եթե Փաշինյանի հետ անգամ «Չալոն» չէր քայլի, եթե այն ժամանակ ասեր իր այսօրվա թեզերը։
Հենց դա իմանալով էլ Փաշինյանը երբեք չէր ասի այն, ինչ խոսում է այսօր, քանի որ եթե ի սկզբանե ցույց տար իր կոլաբորացիոնիստական հակումները, ապա երբեք չէր կարողանա գալ իշխանության Հայաստանում։ Մինչդեռ նա իշխանության եկել է հենց ազգայնական խորհրդանիշներ ու խոսույթներ կիրառելով, իսկ հետո արել է իր ասածի ճիշտ հակառակը․․․
Ինչ վերաբերվում է Արցախի կարգավիճակին, ապա այդ տարածքը մշտապես համարվել է «հակամարտության գոտի»՝ առանց վերջնական կարգավիճակի։ Ալիևը, ինչպես և հենց ինքն է բազմիցս խոստովանել, մերժել է խաղաղ կարգավորման տարբերակները ու ընտրել պատերազմը։ Հիմա էլ գլուխ է գովում, որ հարցը «լուծել է» պատերազմով, իսկ Փաշինյանն էլ դարձել է պատերազմով հարցեր «լուծողի» քաղաքական դակիչը, դակում է այն իրողությունները, որոնց Ադրբեջանը հասել է ագրեսիայով։
Աշխարհում ոչ մեկ չի կարող խաղաղություն կառուցել ուժի ու ուժի սպառնալիքի կիրառման ներքո, սա աներկբա ճշմարտություն է։ Իսկ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչել է բացառապես Փաշինյանը, և նա դա երբեք հերքել ու փոխել չի կարող, որքան էլ հախուռն գոռա ԱԺ ամբիոնից»։
Ավելացնել նոր մեկնաբանություն