Եթե Ալիևը և իր ավազակախումբը զրկվեն Հայաստանին օրակարգ թելադրելու հնարավորությունից, Ալիևբեջանը առերեսվելու է անխուսափելի կազմաքանդման սպառնալիքին. Բալյան
Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը գրում է. «Ընթացիկ տարվա առաջին հինգ ամիսներին Ադրբեջանի Մաքսային պետական ծառայության տվյալներով արտաքին առևտրաշրջանառության ծավալը կրճատվել է մոտ 20 տոկոսով, ըստ որում, արտահանումը նվազել է 31 տոկոսով, իսկ ներմուծումն աճել է 7 տոկոսով:
Համանման պատկեր ունենք պետական բյուջեի հետ կապված, որի եկամուտներն աճել են 14.5, ծախսերը 21 տոկոսով: Հում նավթի և նավթային արտադրանքի արտահանման կրճատումը 16 տոկոս է՝ գումարային համարժեքը 13 տոկոսից ավելի: Բյուջետային պրոֆիցիտ ունեցող երկրի պարագայում, ինչպիսին Ադրբեջանն է, առաջին հայացքից այս ցուցանիշները գուցե մտահոգիչ չթվան, բայց այդ միայն առաջին հայացքից: Պետք է նկատի ունենալ, որ հարևան երկրի տնտեսական արտադրության 84 տոկոսը, բյուջետային եկամուտների մոտ 90 տոկոսը բաժին է ընկնում Բաքվին:
Միլիտարիզացված, կավե ոտքերով, իրեն տարածաշրջանային հսկա երևակայող Ադրբեջանը կառավարող վարչախումբը իր ընտանեկան-կլանային դիկտատուրայի լեգիտիմության մեկ, ընդամենը մեկ աղբյուր ունի՝ պատերազմական հաղթանակը և մեզ նորանոր զիջումներ պարտադրելու կարողունակությունը: Եթե Ալիևը և իր ավազակախումբը հանկարծ զրկվեն Հայաստանին իրենց օրակարգը թելադրելու հնարավորությունից, Ալիևբեջանը առերեսվելու է անխուսափելի կազմաքանդման սպառնալիքին:
Մեր ներսում, իրար միս ուտելու փոխարեն, անհրաժեշտ է ձևավորել հանրային կոնսենսուս, մշակել պետականաշինության արդյունավետ նոր հայեցակարգ ու լծվել դրա իրականացմանը: Պետությունը կարելի է և պետք է ոտքի հանել, այդ միանգամայն հնարավոր է, անհրաժեշտ, ու այդ մեր բոլորի պարտքն է»:
Ավելացնել նոր մեկնաբանություն