Երևանը պատրաստ է մեկ ամսվա ընթացքում խաղաղության պայմանագիր կնքել Բաքվի հետ․ ԱԳ նախարար
ՀՀ ԱԳ նախարարը էստոնացի գործընկերոջ՝ Մարգուս Ցահքնայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ կնքելու Հայաստանի պատրաստակամությանը:
«Մենք գրեթե ավարտել ենք աշխատանքը խաղաղության պայմանագրի նախագծի տեքստի վրա։ Հայաստանը պատրաստ է մեկ ամսվա ընթացքում վերջնականացնել տեքստը և խաղաղության պայմանագիր կնքել Բաքվի Հանրապետության հետ»,- նշել է Միրզոյանը՝ ափսոսանք հայտնելով, որ չի կարող ասել, թե այդ առումով տեսանելի է ադրբեջանցի գործընկերների դրական արձագանքը։
Միրզոյանը շեշտել է, որ Հայաստանը վճռական է և հաստատակամ խաղաղության օրակարգի ու Բաքվի հետ հարաբերությունները կարգավորելու, ինչպես նաև 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման և սահմանների սահմանազատման գործընթացը շարունակելու հարցում։
«Ես իրապես հավատում եմ, որ մենք ունենք Հարավային Կովկասում հակամարտության էջը փակելու և մեր տարածաշրջանում խաղաղություն հաստատելու պատմական հնարավորություն: Եվ ես իրապես հավատում եմ, որ այս խաղաղությունը ձեռնտու կլինի տարածաշրջանի բոլոր ժողովուրդներին և երկրներին: Մենք շարունակելու ենք աշխատել այդ ուղղությամբ և ակնկալում ենք Հարավային Կովկասում կայունության և երկարատև խաղաղության հաստատմամբ շահագրգռված մեր գործընկերների աջակցությունը»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը։
Ավելացնել նոր մեկնաբանություն