default

Շաբաթվա տարօրինակ լոբբիստական արշավը. Politioci-ի անդրադարձը Ադրբեջանի կողմից Ռուբեն Վարդանյանի դեմ իրականացվող հակաքարոզչության առթիվ

Հեղինակավոր «Politico» պարբերականը «Շաբաթվա արտառոց լոբբիստական արշավ» խորագրով հրապարակման մեջ բացահայտել է, թե ինչպես է Բաքուն արտերկրում ուղղորդված հակաքարոզչություն իրականացնում իրենց բանտում ապօրինի պահվող հայ բարերար Ռուբեն Վարդանյանի դեմ: Ստորև ներկայացվում է հրապարակման թարգմանությունը.

«Ապշել էինք, երբ անցյալ շաբաթ «POLITICO» պարբերականը, և հաստատ այլ լրատվամիջոցներ ևս, մի PR ընկերությունից էլնամակ ստացավ, որտեղ նկարագրվում էին Եվրոպայում ռուսական ազդեցության գործողությունները։ Թեպետ սա շատ գայթակղիչ է հնչում, այն բացառապես մի մարդու վրա է կենտրոնանում․ իմ գործընկեր Գաբրիել Գավինը նկատեց՝ ռուսահայ մեծահարուստ Ռուբեն Վարդանյանի։

Սեփական շահերը. այս պահի դրությամբ Վարդանյանը Բաքվում (խմբ.) ճաղերի հետևում է, այն բանից հետո, երբ երկիրը հարձակվեց` Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը գրավելու, ինչը դարձավ հայ բնակչության զանգվածային արտագաղթի պատճառ։ Մինչ 56-ամյա տղամարդն իր փողերը վաստակում էր Մոսկվայում և Ուկրաինայի կողմից պատժամիջոցների է ենթարկվում ռուսական ենթակառուցվածքային բիզնեսներում իր մասնակցության համար, նա հրաժարվում է Ռուսաստանի քաղաքացիությունից՝ քաղաքականություն գնալու և Ղարաբաղի վարչապետ դառնալու համար: Ենթադրվում էր, որ նա կապեր է պահպանում Կրեմլի հետ, սակայն Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահները, ի վերջո, թողեցին, որ ադրբեջանցիները կալանավորեն Վարդանյանին ու տարածաշրջանի մյուս ղեկավարներին:

Արևմուտքում բարձր դիրքեր գրավող գործընկերները․ «Unilever»-ի նախկին ղեկավար Փոլ Պոլմանը և «Moderna» դեղագործական ընկերության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Վարդանյանի ազատ արձակման համար ակտիվ քարոզարշավ իրականացնողներից են։ Վարդանյանի գրասենյակը նաև պնդում է, որ նա առաջադրվել է Խաղաղության նոբելյան մրցանակի, թեպետ այդ բաղձալի մրցանակը շահելու հնարավորությունները գրեթե զրոյական են, քանզի հաշվի է առնվում նրա ոչ այնքան պարզ անցյալը։

Ռուսական գործակա՞լ․ այդուհանդերձ, Բաքվում (խմբ.) զայրացած են այսպիսի առաջադրման համար, ինչպես պարզ է դառնում տեղական լրատվամիջոցների մի շարք տեղեկությունների համաձայն: Հենց այստեղ է ի հայտ գալիս PR արշավը, քանի որ այն պնդում էր, որ Եվրախորհրդարանի պատգամավորները պաշտպանել են մի միջնորդություն, որը կոչ է անում Նոբելյան մրցանակի կոմիտեին ճանաչել Վարդանյանին որպես Ռուսաստանի գործակալ և բացառել նրա թեկնածությունը որպես մրցանակի հավանական ստացող:

Եվ ի՞նչ․ այսպես, ուրեմն, ըստ Ուկրաինայի վերլուծությունների և ռազմավարությունների կենտրոնի անունից աշխատող PR ընկերության տարածած մամուլի հաղորդագրության` Եվրախորհրդարանի պատգամավորներ Վիոլա ֆոն Կրամոն-Տաուբադելը և Կարեն Մելքիորն աջակցել են Վարդանյանին հեղինակավոր մրցանակի սև ցուցակում ընդգրկելու կոչերին։ Կա միայն մեկ խնդիր. օրենսդիրների զույգը «POLITICO»-ին ասաց, որ իրենք նման բան չեն արել՝ ենթադրելով, որ իրենց խոսքերը միտումնավոր հանվել են կոնտեքստից՝ աջակցելու Բաքվի (խմբ.) դրույթներին:

Հստակ հերքում. «Ես մասնակցել եմ այս միջոցառմանն այն հիմքով, որ դա ռուսական ապատեղեկատվության մասին է,- ասում է ԵԽ գերմանացի պատգամավոր Ֆոն Կրամոն-Տաուբադելը:- Ամոթալի է, որ այն օգտագործվում է ադրբեջանական ապատեղեկատվության համար։ Ես չեմ պաշտպանել որևէ համատեղ հռչակագիր և չէի մասնակցի, եթե այն որևէ կապ ունենար Բաքվի (խմբ.) դեսպանատան հետ»։ Դանիացի պատգամավոր Մելքիորն էլ «POLITICO»-ին ասաց, որ ինքը չի ստորագրել որևէ հայտարարություն և չի էլ ստորագրելու:

Մենք պարզապես «սենդվիչ ենք պատրաստում»Բրյուսելի մամուլի ակումբի խոսնակը հերքել է, որ ինքը որևէ առնչություն ունի նման լոբբիստական միջոցառմանը վստահություն հայտնելու հետ: «Յուրաքանչյուր ոք կարող է ամրագրել մեր ակումբը, ինչպես Բրյուսելի ցանկացած հյուրանոց, և մենք տարեկան հարյուրավոր միջոցառումներ ենք ունենում,- ասել է ակումբի աշխատակիցը, որը պատասխանել է «POLITICO»-ի հեռախոսային հարցմանը, ապա ընդգծել,- բայց մենք այս միջոցառումների կազմակերպիչները չենք, մենք պարզապես հյուրընկալում ենք դրանք»:

Իսկ ի՞նչ է Ուկրաինայի վերլուծությունների և ռազմավարությունների կենտրոնը։ Դե սա այնքան էլ պարզ չէ: Կազմակերպությունը, կարծես թե, չունի անգլերենով կամ ուկրաիներենով գործող կայք, «Facebook»-ի էջն ունի միայն 88 հավանում, և «Google»-ում առկա ընդամենը հինգ հոդվածներից չորսը ադրբեջանամետ հոդվածներ են, որոնք գրել է կենտրոնի հիմնադիր Իգոր Չալենկոն: Մտահոգություն հարուցող երկիր. Բաքուն (խմբ.) արդեն քննադատության է ենթարկվում հանածո վառելիքի պաշտպանության և Արևմուտքում ունեցած ազդեցության ցանցի համար, բայց Եվրախորհրդարանի պատգամավորների դիրքորոշումներն ակնհայտորեն խեղաթյուրելը նշանավորվելու է այդ երկրի և Եվրախորհրդարանի միջև մի նոր ճեղքվածքով»։

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն