453783

Ինչո՞ւ է կարևոր Վրաստանի հետ աշխատանքը

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրում է. «Իհարկե Հայաստանի արտգործնախարարի Վրաստան պաշտոնական այցը գուցե արժանանա հայ հանրության նվազ ուշադրության, քան Եվրո 2024-ի ընթացքում Վրաստանի հավաքականի խաղերը, բայց այդ այցը խաղերից պակաս կարեւոր չէ: 

Եթե լիովին լուրջ, ապա այցն իսկապես արժանի է ուշադրության ոչ միայն հայ-վրացական հարաբերության կարեւորության պատճառով, այլ նաեւ այն պատճառով, որ փաստորեն հաջորդոււմ է Ադրբեջանի արտգործնախարարի այցին: Չեմ բացառում, որ կարող է այդ կերպ լինել որոշակի հայ-ադրբեջանական կոմունիկացիա, թեեւ խոշոր հաշվով հարց է, թե արդյո՞ք այդ առումով կա Վրաստանի կարիք, եթե երկու արտգործնախարարները մի քանի օր անց լինելու են Վաշինգտոնում:

Անկասկած է մի բան, որ Ադրբեջանը Վրաստանին դիտարկում է հայ-ֆրանսիական ռազմա-քաղաքական գործակցության կոմունիկացիոն խոչընդոտ եւ Թուրքիայի հետ մեկտեղ իրենց ազդեցությունը կփորձեն բանեցնել այդ հարցում Վրաստանի վարքագծի վրա ազդելու համար: Առավել եւս, որ կա 44-օրյա պատերազմի նախադեպը:

Ահա այդ իմաստով, բացի զուտ երկկողմ հարաբերության կարեւորությունից, Հայաստանի համար շատ կարեւոր է աշխատել Վրաստանի հետ այնպես, որ Թբիլիսին որեւէ կերպ չխոչընդոտի Ֆրանսիայի հետ Հայաստանի այն պայմանավորվածությունների իրագործմանը, որոնք առնչվում են ռազմատեխնիկական մատակարարումներին»: 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն