Իրանի գերագույն առաջնորդը Փեզեշքիանին խորհուրդ է տվել շարունակել Ռայիսիի ուղին
Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին երկրի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանին խորհուրդ է տվել շարունակել երջանկահիշատակ նախագահ Էբրահիմ Ռայիսիի քաղաքականությունը։
Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
«Խորհուրդս է ընտրված նախագահ Մասուդ Փեզեշքիանին, ապավինելով Բարձրյալին և շարունակելով երջանկահիշատակ նախագահ Ռայիսիի ուղին, առավելագույն ջանքեր ներդնել երկրի հսկայական ներուժը բացահայտելու համար»,- նշել է Իսլամական Հանրապետության առաջնորդը։
Ալի Խամենեին շեշտել է, որ Իրանի ընտրված նախագահը պետք է օգտագործի երկրի հնարավորությունները ժողովրդի բարեկեցության և երկրի առաջընթացի համար:
Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին Իրանում տեղի է ունեցել արտահերթ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որոնցում Իսլամական Հանրապետության նախագահ է ընտրվել բարեփոխիչների թեկնածու, ծագումով թյուրքախոս Մասուդ Փեզեշքիանը՝ ստանալով ձայների 53․6%-ը։
Ավելացնել նոր մեկնաբանություն