սաց

Բաքուն սիրախաղ է սկսել Արևելքի հետ, ԱՄՆ-ն սպառնում է. ի՞նչ զարգացումներ են սպասվում Հարավային Կովկասում

«Դետք»-ի զրուցակիցն է տարածաշրջանային հարցերով փորձագետ Տիրան Լոքմագյոզյանը:

- Տարածաշրջանում ակտիվ քաղաքական գործընթացներ են: Օրերս Իրանում կայացան նախագահական ընտրություններ, իսկ Աստանայում կայացած Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում Պուտին-Էրդողան հանդիպումը ջրի երես հանեց այս պետությունների միջև առկա խնդիրները, Բաքուն Չինաստանի հետ ստորագրեց ռազմավարական գործընկերության հռչակագիր և այլն: Ի՞նչ ազդեցություն կունենան այս զարգացումները Հարավային Կովկասի, մասնավորապես Հայաստանի վրա: 

- Սկսեմ Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններից: Կար ժամանակ, որ այդ հարաբերությունները լավացել էին, և անգամ շատ վերլուծաբաններ վստահությամբ նշում էին, թե վերջ` Թուրքիան անցել է Ռուսաստանի կողմը, Ռուսաստանը Թուրքիային օգնում է և այլն: Սակայն ես միշտ ասել եմ, որ Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները լավ չեն լինելու, որ դրանք ժամանակավոր բնույթ ունեն` պայմանավորված իրենց շահերով: ՆԱՏՕ-ն և Արևմուտքը երբեք չեն թողնելու, որ Թուրքիան թեքվի Ռուսաստանի կողմը: 

Հիմա տեսնում ենք, որ լարվել են հարաբերություններն այդ պետությունների միջև, և դա բնական է, որովհետև արևմտյան կողմից Թուրքիայի վրա ճնշում եղավ: Անկարան Արևմուտքի համար վերջին կամուրջն էր Ռուսաստանի հետ, սակայն արդեն Թուրքիան չափն անցավ, և նրա վրա ճնշում գործադրեցին: Թուրքիան հիմա հետքայլ է անում, և դրանով պայմանավորված, իհարկե, Ռուսաստանն էլ իր քայլն է անում: 

Մյուս կողմից` քանի որ հիմա Թուրքիան չի կարողանում Ռուսաստանի հետ ունենալ նույն հարաբերությունները, նրան փոխարինում է Բաքվի Հանրապետությունը (խմբ.): Վերջինս սկսեց Չինաստանի և Ռուսաստանի հետ «սիլիբիլի» անել, իսկ Ռուսաստանին դա ձեռնտու է, քանի որ եվրոպական ճնշումների պատճառով նոր ճանապարհների և նոր կողմնակիցների կարիք ունի: Ի վերջո պետք է ընդունել, որ քաղաքականության մեջ միայն սև և սպիտակ չէ, տարբեր գույներ կան, և հնարավոր չէ այդ հարաբերությունները քննարկել սև ու սպիտակի տրամաբանությամբ: 

Այս ֆոնին հետաքրքիր են նաև իրանական զարգացումները: Իրանի ադրբեջանցիները շատ մեծ թափով մասնակցեցին այնտեղ նախագահի ընտրություններին, թեև ընդհանուր մարդկանց մասնակցության մակարդակն այդքան էլ բարձր չէր: Դա իր ազդեցությունն ունեցավ նախագահի ընտրության հարցում: Իրանում նախագահը թեև ընտրված ուղուց չի կարող շեղվել, այնուամենայնիվ, նախագահի կերպարը որոշ հարցերում կարող է նշանակություն ունենալ, օրինակ` տվյալ անձով պայմանավորված` Իրանի հարաբերությունները Անկարայի և Բաքվի հետ հաստատ լավանալու են: 

- Այսինքն` Հայաստանի համար նոր մարտահրավերնե՞ր են ստեղծվում տարածաշրջանում: Ի՞նչ անելիքներ մենք ունենք: 

- Այո՛, հատկապես որ մենք ունենք իշխանություն, որը մեզ համար չի աշխատում, այլ թշնամիների շահերն է առաջ տանում, հետևաբար շատ են մարտահրավերները: Բացի դրանից` ամբողջ աշխարհում են հիմա փոփոխություններ կատարվում, օրինակ` Ֆրանսիայի ընտրությունները, ապագայում նաև ԱՄՆ-ում են սպասվում նախագահական ընտրություններ: Հատկապես Միացյալ Նահանգների ընտրությունները վճռորոշ են լինելու, մեծ նշանակություն են ունենալու ամբողջ աշխարհի քաղաքականության վրա: Եթե իշխող կուսակցությունը փոխվի, մյուսը գա իշխանության, կարող է գլխիվայր շրջվել ԱՄՆ-ի ամբողջ քաղաքականությունը, ինչպես եղավ, ասենք, Թրամփի ընտրության ժամանակ: Եթե այսօր Միացյալ Նահանգները, օրինակ, ճնշում է գործադրում Ռուսաստանի կամ Թուրքիայի վրա, մեկ էլ տեսար, վաղն այդ ճնշումն ընդհանրապես վերանա: 

- Վերջին ամիսների ընթացքում ԱՄՆ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ այցելեցին Երևան և Բաքու: Վաշինգտոնն ակտիվ առաջ է տանում խաղաղության պայմանագրի գաղափարը, որը, սակայն, տեսնում ենք, Բաքվի սրտով չէ: Ի՞նչ կասեք այս գործընթացների մասին, ի՞նչ սպասել առաջիկայում: 

- Իհարկե, այդ բոլոր գործընթացների հետևում Ամերիկան է կանգնած, դա բայդենյան քաղաքականությունն է: Իրենք աշխարհում նոր կարգ հաստատելու իրենց ծրագիրն ունեն, սակայն այս գործընթացը քայլ առ քայլ պետք է առաջ գնա: Այդ քայլերից առաջիններից էր Անկարային ու Բաքվին կապելը, որովհետև նրանց վերջնական ծրագիրը Թուրան կառուցելն է: Եթե պատկերացնենք, որ Թուրքիայից մինչև Չինաստանի սահման կառուցված լինի մի պետություն, որի հետևում կանգնած է ԱՄՆ-ն, կպատկերացնենք այդ ամենի մասշտաբները: Պատկերացրեք հյուսիսում Ռուսաստանը, արևելքում` Չինաստանը, հարավում` Հնդկաստանը և Իրանը: Արևելքի այդ մեծ պետությունները նախ իրարից կտրված կլինեն, հետո ճանապարհ չեն ունենա, և, հետևաբար, նրանց հարցերը կկարողանան հատ-հատ լուծել: Այսօր արդեն առաջին հարվածները Ռուսաստանի դեմ են: Երկրորդ հարվածը կգնա Իրանի ուղղությամբ: 

Այս ծրագրի միակ խանգարողը Հայաստանն է, և 100 տարի առաջ էլ էր այդպես` Թուրանի ճանապարհին Հայաստանն էր կանգնած: Դա համար առաջինը Հայաստանի հարցերը լուծեցին, Էրդողանի միջոցով Բաքվին համոզեցին, Արցախը հայերից մաքրեցին, ինչը, իհարկե, Իրանի հյուսիսի հետ կապ ուներ, մեզ հետ կապ չուներ: Սակայն Ալիևն էլ այդ ամենից իր շահերն ուներ: 
Ինչպես ասացի, Հայաստանում կա իշխանություն, որն այդ գործընթացն առաջ է տանում, բայց այստեղ մի նոր խնդիր առաջացավ` Ալիևի ախորժակը բացվեց, և հիմա նա չի ուզում ստորագրի «խաղաղության պայմանագիր» կոչվածը, որովհետև եթե դա ստորագրվի, վերջ, նա այլևս չի կարողանա պահանջներ ներկայացնել: Դրա համար էլ վերջին ժամանակներս ամերիկացի պաշտոնյաների հետ է տեսակցում: Տեսան, որ Ալիևը չափն անցնում է, սկսեցին ճնշում գործադրել, Օ' Բրայենը գնաց, հանդիպեց, խոսեց: Սակայն կրկնեմ, որ Բաքուն ամեն ինչ անում է, որ այդ «խաղաղության պայմանագիր» կոչվածն ուշացնի, որ մինչև ստորագրելը իր բոլոր ծրագրերն իրականացնի: 

Մի քանի օր առաջ էլ Ամերիկայից ուղիղ սպառնալիք հնչեց Բաքվի ուղղությամբ, Հայաստան եկած ԱՄՆ պատգամավորը սպառնաց, որ այն պետությունները, որոնք Ռուսաստանի հետ սկսել են հարաբերություններ մշակել, պետք է իմանան, որ ի վերջո վատ է լինելու: Սա ուղղակի սպառնալիք էր, տեսնենք, թե Ալիևը ինչ կանի: Սա խաղ է հիշեցնում, պետք է սպասենք և տեսնենք, թե խաղը ով ինչպես կարող է զարգացնել:


 

Ավելացնել նոր մեկնաբանություն