եռգ

Ինչ ստվերային պայմանավորվածություններ կան Ադրբեջանի հետ

«Այլընտրանքային նախագծեր խմբի» համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Հայաստանյան կիսամեռած կյանքում որոշակի իրարանցում առաջացրեցին  Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի ձևակերպումները։ 

Բացառապես որոշ զլմ-ների, հանրային-քաղաքական գործիչների, փորձագետների մի փոքր անվանացանկի շնորհիվ Հայաստանը թեթև կենդանության նշաններ ցույց տվեց՝ իր ճակատագրի մասին արված ձևակերպումների ֆոնին։

Ակնհայտ է, որ եղել են հայ-ադրբեջանական ստվերային շփումներ՝ Արևմուտքի զգալի միջնորդությամբ, և կարծես, թե ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ։ 
Ունեմ հիմնավոր վարկած, որ իսկապես ձեռք է բերվել ստրատեգիական պայմանավորվածություն. Ալիևն օգնելու է այս իշխանությանը՝ վերարտադրվել։ Գինը Հայաստանն է։ 

Ալիևը սեպտեմբերին ավարտում է իր ընտրական ցիկլերը և բանակցել է Ադրբեջանի շահերի համար։ Արևմուտքը բանակցել է իր ստրատեգիական շահերի, իսկ Հայաստանը բանակցել է հանուն Նիկոլի իշխանության։ Բանակցությունների հենց այս սկզբունքային նրբությունն էլ հնարավորություն է տվել՝ հասնել պայմանավորվածությունների։

Դրա տեխնոլոգիական ընթացքը կարող է լինել այսպիսին. մինչև Հայաստանի խորհրդարանական ընտրությունները Ադրբեջանը Նիկոլին տալիս է հայ հասարակության վրա խաղաղության էմոցիաներ ծախելու հնարավորություն, գուցե՝ ինչ-որ նախաստորագրված թղթի կտոր, մեղմված հռետորաբանություն, Հայաստանի հետ վերջնական խաղաղություն ունենալու հրապարակային խոստումներ և այլն։ Գուցե պրոքսի գործիչներով սպառնալիքներ՝ Նիկոլ մերժելու դեպքում ինչ կլինի և այլն։ 

Այս ամենի դիմաց Ալիևն ամենայն հավանականությամբ ստացել է իր ուզածը՝ Հայաստանյան ընտրություններից հետո, այս իշխանության վերարտադրումից հետո՝ իր ստրատեգիական պահանջների բավարարում՝ միջանցք, փախստականների վերադարձ, անկլավներ և այլն։ Չի բացառվում, որ պայմանավորվածությունները կարող են այլ որակի լինել։

Պետականության և անվտանգության թեմաներով գուշակություններ չեն անում և չեն ապավինում «գուցե պլստանք» ամենակործանարար հույսին։

Այս և այլ հրեշավոր սցենարներին դիմակայելու համար Հայաստանը պետք է դուրս գա իր անմիտ վիճակից ու քաղաքական բովանդակություն տա իր ներկային ու ապագային։ Փախստականների մեծ՝ 2.5 մլն-անոց ճամբար հիշեցնող մեր վիճակից պետք է անցնել պետություն ունեցող և պահելու որոշմամբ հասարակություն։ Իսկ սա հնարավոր է միայն նոր քաղաքական-հանրային միավորների, ձևաչափերի ստեղծմամբ, որոնք հասարակությանը կունենան ասելու և առաջարկելու բան։ 

Մենք չենք ուզում ընդունել, և իսկապես շատ ցավոտ է ընդունել, որ Հայաստանն այսօր արտադրում է միայն էմոցիաներ ու պարզունակ պատկերացումներ։ Ունենք ամեն ինչ՝ ռուսին, ամերիկացուն թշնամի համարող շերտեր, Իրանին ամենափրկիչ տեսնողներ, Նիկոլ անիծողներ և նախկիններին ատողներ... Էմոցիաների ամբողջ սպեկտրն ունենք։ Իսկ իրականության սթափ ընկալում ունեցող և լուծումներ տեսնող միավորների ու անհատների թիվը չափազանց  փոքր է։
Ալիև-Նիկոլ պայմանավորվածությունները, որոշակի զարգացումների դեպքում, Ադրբեջանը խախտելու է. դրան էլ պետք է պատրաստ լինել։ Եթե Մերձավոր Արևելքում լարվածությունը կտրուկ մեծանա՝ Իրանի ներգրավվածությամբ, կամ ռուս-ուկրաինական պատերազմի ծավալները մեծանան, ապա Ալիևը թքած է ունենալու թե´ COP-29-ի, թե´ ինչ-ինչ ստվերային պայմանավորվածությունների, թե´ Արևմուտքին տված ինչ-ինչ հավաստիացումնեդրի վրա, և օգտվելու է իրավիճակից։ 

Առաջիկա փուլի մեր խորքային խնդիրը անմիտ Հայաստանից (լավագույն դեպքում՝ էմոցիոնալ) քաղաքական Հայաստանի վերածվելն է»։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն