sva

Ալիևի պես հանցագործ բռնապետը ուղղակի մատի վրա խաղացնում է Վաշինգտոնին. Տաթև Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը գրում է. ««ԱՄՆ-ը Երևանին մահաբեր զենք չի մատակարարել ոչ ուղղակիորեն, ոչ էլ երրորդ կողմերի միջոցով»,- այսօր ադրբեջանական «Report» գործակալությանը հայտնել են Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատնից՝ ի պատասխան «Caliber.az»-ի հերթական ապատեղեկատվության։ 

Դեսպանատնից նշել են, որ ԱՄՆ-ի համար մեծ նշանակություն ունի տարածաշրջանում կայունությունը ու Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատումը։

Սա արդեն երկրորդ անգամն է, որ Բաքվում ԱՄՆ դեսպանատունը հանդես է գալիս ժխտման տեքստով։ Երևանում ԱՄՆ դեսպանատունն էլ իր հերթին էր մոտ մեկ ամիս առաջ ժխտել ադրբեջանական ապատեղեկատվությունը։ Բայց փաստն այն է, որ այդ ժխտումներից հետո որևէ բան ադրբեջանական քաղաքականության ու դրանից բխող քարոզչության մեջ չի փոխվելու։

Ինչպես նշել ու մանրամասն վերլուծել էի ավելի վաղ, Ադրբեջանի ՊՆ-ի կողմից ղեկավարվող այս կայքը ոչ միայն չի դադարեցնում ապատեղեկատվության տարածումը, այլև անգամ ներողություն է պահանջում դեսպանից իրենց հրապարակումները «անհեթեթություն» անվանելու համար։ 

Ինչ խոսք, ԱՄՆ ներկայիս վարչակարգը լրջորեն կորցնում է իր հեղինակությունը տարածաշրջանում Ալիևի թեթև ձեռամբ։ Որքան ակտիվորեն են Երևանում ու Բաքվում ԱՄՆ դեսպանատները անհեթեթ տեքստեր ժխտում՝ առանց հստակ քաղաքական գնահատականի, այնքան հանդուգն է դառնում ադրբեջանական կողմը։ 

Այսքանից հետո ամերիկյան գործընկերները կարող են շարունակել խոսել «երկկողմ ցավոտ զիջումների» և «խաղաղության պատմական հնարավորության մասին»․․․Մինչդեռ իրողությունն այն է, որ Ալիևի պես հանցագործ բռնապետը ուղղակի մատի վրա խաղացնում է Վաշինգտոնին»։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն