Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը կուղարկվի ՍԴ․ «Արմենպրես»
«Արմենպրես»․ Այսօր հրապարակվեց պաշտոնական հաղորդագրություն այն մասին, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը ստորագրվել է։ Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի հարցերին։ Հարցուպատասխանը ներկայացնում ենք ստորև.
Հարց - Ըստ 2024 թվականի օգոստոսի 30-ի մամուլի հաղորդագրության՝ հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը համապատասխան կերպով ստորագրվել է: Որտե՞ղ է տեղի ունեցել ստորագրումը։
Պատասխան - Կանոնակարգը ստորագրվել է բնօրինակ փաստաթղթերը դիվանագիտական խողովակներով փոխանակելու միջոցով։
Հարց - Ե՞րբ կհրապարակվի կանոնակարգի տեքստը։
Պատասխան - Փաստաթուղթը սահմանված կարգով հրապարակային կդառնա առաջիկա երկուշաբթի, ներպետական համաձայնեցման ընթացակարգերի իրականացման շրջանակներում։ Կանոնակարգը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կներկայացվի Կառավարության քննարկմանը, որից հետո կմեկնարկի Ազգային ժողովում դրա վավերացման ընթացակարգը, և այս նպատակով փաստաթուղթը նախ կուղարկվի Սահմանադրական դատարան՝ ՀՀ Սահմանադրությանը դրա համապատասխանությունը որոշելու համար:
Հարց - Ինչո՞ւ փաստաթուղթը հիմա չի հրապարակվում։
Պատասխան - Հանձնաժողովների 2024 թ. ապրիլի 19-ի հանդիպման վերաբերյալ մամուլի հաղորդագրության մեջ, ըստ էության, կանխապես բացահայտվել է փաստաթղթի առանցքային քաղաքական բովանդակությունը։ Փաստաթղթի ավելի ուշ հրապարակումը կապված է երկու երկրներում գործընթացները հնարավորինս սինխրոնացնելու անհրաժեշտության հետ։
Հարց - Ինչո՞ւ չպահպանվեց պայմանավորվածությունը մինչև 2024 թ. հուլիսի 1-ը կանոնակարգի նախագիծը համաձայնեցնելու վերաբերյալ։
Պատասխան - Հուլիսի 1-ի դրությամբ հանձնաժողովները մի քանի անգամ արդեն փոխանակված են եղել կանոնակարգի նախագծի աշխատանքային տարբերակներով և առաջարկներով, սակայն բանակցությունների համար փաստացի մի փոքր ավելի շատ ժամանակ պահանջվեց նախագիծը վերջնական համաձայնեցնելու և ստորագրելու համար:
Հարց - Ե՞րբ կիրականացվի սահմանազատման հաջորդ փուլը և սահմանի ո՞ր հատվածում։
Պատասխան - Հանձնաժողովների 2024 թ. ապրիլի 19-ի հանդիպման վերաբերյալ մամուլի հաղորդագրության համաձայն՝ կողմերը պայմանավորվել են, որ կանոնակարգի հաստատումից հետո պետք է համաձայնեցնեն հերթականությունը և շարունակեն սահմանի բոլոր մնացած հատվածների սահմանազատման գործընթացը:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Ավելացնել նոր մեկնաբանություն