Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը կուղարկվի ՍԴ․ «Արմենպրես»

«Արմենպրես» Այսօր հրապարակվեց պաշտոնական հաղորդագրություն այն մասին, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը ստորագրվել է։ Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի հարցերին։ Հարցուպատասխանը ներկայացնում ենք ստորև.

Հարց - Ըստ 2024 թվականի օգոստոսի 30-ի մամուլի հաղորդագրության՝ հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը համապատասխան կերպով ստորագրվել է: Որտե՞ղ է տեղի ունեցել ստորագրումը։ 

Պատասխան - Կանոնակարգը ստորագրվել է բնօրինակ փաստաթղթերը դիվանագիտական խողովակներով փոխանակելու միջոցով։ 

Հարց - Ե՞րբ կհրապարակվի կանոնակարգի տեքստը։

Պատասխան - Փաստաթուղթը սահմանված կարգով հրապարակային կդառնա առաջիկա երկուշաբթի, ներպետական համաձայնեցման ընթացակարգերի իրականացման շրջանակներում։ Կանոնակարգը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կներկայացվի Կառավարության քննարկմանը, որից հետո կմեկնարկի Ազգային ժողովում դրա վավերացման ընթացակարգը, և այս նպատակով փաստաթուղթը նախ կուղարկվի Սահմանադրական դատարան՝  ՀՀ Սահմանադրությանը դրա համապատասխանությունը որոշելու համար:  

Հարց - Ինչո՞ւ փաստաթուղթը հիմա չի հրապարակվում։

Պատասխան -  Հանձնաժողովների 2024 թ. ապրիլի 19-ի հանդիպման վերաբերյալ մամուլի հաղորդագրության մեջ, ըստ էության, կանխապես բացահայտվել է փաստաթղթի առանցքային քաղաքական բովանդակությունը։ Փաստաթղթի ավելի ուշ հրապարակումը կապված է երկու երկրներում գործընթացները հնարավորինս սինխրոնացնելու անհրաժեշտության հետ։ 

Հարց - Ինչո՞ւ չպահպանվեց պայմանավորվածությունը մինչև 2024 թ. հուլիսի 1-ը կանոնակարգի նախագիծը համաձայնեցնելու վերաբերյալ։

Պատասխան - Հուլիսի 1-ի դրությամբ հանձնաժողովները մի քանի անգամ արդեն փոխանակված են եղել կանոնակարգի նախագծի աշխատանքային տարբերակներով և առաջարկներով, սակայն բանակցությունների համար փաստացի մի փոքր ավելի շատ ժամանակ պահանջվեց նախագիծը վերջնական համաձայնեցնելու և ստորագրելու համար: 

Հարց - Ե՞րբ կիրականացվի սահմանազատման հաջորդ փուլը և սահմանի ո՞ր հատվածում։

Պատասխան - Հանձնաժողովների 2024 թ. ապրիլի 19-ի հանդիպման վերաբերյալ մամուլի հաղորդագրության համաձայն՝ կողմերը պայմանավորվել են, որ կանոնակարգի հաստատումից հետո պետք է համաձայնեցնեն հերթականությունը և շարունակեն սահմանի բոլոր մնացած հատվածների սահմանազատման գործընթացը: 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Add new comment