sc

Բաքվի պահանջը՝ պատժելու արցախյան առաջին պատերազմի գործիչներին, հայկական պետական ինքնությունը կազմալուծելու նպատակ է հետապնդում. քաղաքական վերլուծաբան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամյան ալիքում գրում է. «Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարցերի բաժնի ղեկավար Հաջիեւը ըստ էության կրկնել է օրեր առաջ Իլհամ Ալիեւի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը խաղաղությանն ու արդարությանը «հավատարմությունը» ցույց տալու համար պետք է պատժի «ադրբեջանցիների հանդեպ բռնություն կիրառողներին», որոնց հերոսացրել է:

Ինչպես նկատել էի, եւ ինչպես շատ շատերի համար բարդ չէր պատկերացնել, խոսքը արցախյան առաջին պատերազմի ընթացքում մեծ դերակատարում ունեցած գործիչների մասին է: Կասկած չկա, որ Ադրբեջանը կամ կփոխանցի «ցանկ», կամ արդեն փոխանցել է այդ «ցանկը» Երեւանին:

Հաջիեւը ըստ էության կրկնել է Ալիեւի խոսքը, ինչը անխոս հաստատում է, որ Ալիեւի հայտարարությունները ամենեւին չեն եղել ներքին սպառման համար եւ դրանք պարզապես՝ այսպես ասած խաղաղության գործընթացում Հայաստանին ներկայացվող հերթական պայման-պահանջն են: 

Ընդ որում, շեշտեմ, այստեղ հարցը լոկ այն չէ, որ Բաքուն փնտրում պատրվակներ: Երբ մենք հարցը դնում ենք այդ կտրվածքով, նվազեցնում ենք խնդրի մասշտաբը: Բաքուն չի փնտրում պատրվակ, այդպիսի պատրվակների պակաս նա չունի, նորի կարիքն էլ հետեւաբար մեծ չէ: Ադբեջանը թիրախային կերպով գնում է հայկական պետական ինքնությունը կազմալուծելու, Հայաստանի սոցիալ-հոգեբանական կառուցվածքը ապամոնտաժելու ճանապարհով: 

Իսկ այդ ինքնության ու կառուցվածքի մեջ արցախյան առաջին պատերազմն ու դրանում դեր ունեցած գործիչների հանգամանքը ունեցել է, եւ անգամ ցավագին պարտությունից եւ Արցախի կորստից հետո ունի հիմնարար նշանակություն:

Ընդ որում, այստեղ կա շատ էական մի հանգամանք: Որքան էլ այդ մարդկանց, գործիչների մի զգալի մասը հետագա տարիներին իր «խաղաղ պայմաններում» գործունեությամբ վարկաբեկել է հենց արցախյան շարժման տարիների իր ավանդը, միեւնույն է, վերը նշածս բաղադրիչը շատ վաղուց հայ հանրության ընկալման մեջ, հետեւաբար հայկական պետական ինքնության ու սոցիալ-հոգեբանական կառուցվածքում չունի անձնավորված գոյություն, այն արդեն վաղուց երեւութական է: Այսինքն, անձերը գուցե իրենք իրենց վարկաբեկել են, բայց չեն վարկաբեկվել այն արժեքները, գաղափարական, նպատակային ուղենիշները, որոնց հանդեպ արդյունավետ գործունեությունն էր ձեւավորել նրանց դրական նկարագիրը:

Այժմ, հենց այդ «հենքն» է թիրախավորում Ադրբեջանը, այլ ոչ թե ընդամենը փնտրում խաղաղության պայմանագիր ասվածը չստորագրելու պատրվակ»:

 

Ավելացնել նոր մեկնաբանություն