01

Բաքվում պահվող 23 գերիներից 18-ը պատանդառվել են այն ժամանակ, երբ Արցախում գտնվել են ռուս խաղաղապահները. Արցախի ՄԻՊ

Ի տարբերություն Ֆրանսիայի, ՄԱԿ-ի՝ Ռուսաստանը գտնվում էր տեղում, երբ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հեթական հարձակումը գործեց Արցախի ժողովրդի նկատմամբ: «News.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր՝ հոկտեմբերի 11-ին՝ «COP29»-ից առաջ հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ ազատ արձակման պահանջով ՌԴ դեսպանատան դիմաց բողոքի ակցիայի ժամանակ, հայտարարեց Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

«Պետք է փաստենք այն հանգամանքը, որ այսօր Բաքվում ապօրինաբար պահվող 23  ռազմագերիներից կամ պատանդառված անձանցից 18-ը գերեվարվել են Արցախում այն ժամանակ, երբ Արցախում տեղակայված է  եղել ռուսական խաղաղապահ զորակազմը։ Այսինքն՝ նրանք գերեվարվել են 2023 թվականի սեպտեմբերին։

Սա շեշտադրում եմ՝ ընդգծելու համար այն կարևորը դերը, որ Ռուսաստանը կարող է և պետք է ստանձնի հայ ռազմագերիների, պատանդառված անձանց վերադարձի հարցում՝ նաև օգտագործելով Բավքի հետ ունեցած իր հարաբերությունները»,- ասաց նա:

Գեղամ Ստեփանյանը նկատեց նաև, որ 2020-ի նոյեմբերին հենց Ռուսաստանն էր ստանձնել Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնելու և խաղաղություն ապահովելու գործառույթը, որը, ըստ էության, ձախողվեց:

Ավելացնել նոր մեկնաբանություն