
Տեղի է ունեցել «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովը
Հոկտեմբերի 12-ին «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովում ելույթ է ունեցել Նիկոլ Փաշինյանը։
Այս մասին հայտնում է «News.am» կայքը։
««Խաղաղության խաչմերուկ» նախագիծն Ադրբեջանին մտահոգում է նրանով, որ այս նախագիծը կարող է տասնյակ միլիարդների օգուտներ բերել Հայաստանին։ Եվ այդ փաստը պոտենցիալ երկու մտահոգություն կարող է բերել Ադրբեջանին: Առաջինը` եթե Ադրբեջանն անկեղծ մտածում է, որ ռազմավարական հեռանկարում Հայաստանն ագրեսիվ պլաններ ունի Ադրբեջանի նկատմամբ, դա կարող է ստեղծել ընկալումներ, որ այդ տասնյակ միլիարդ դոլարները կարող են օգտագործվել ընդդեմ Ադրբեջանի: Բայց կա նաև հակադարձը, որ եթե Ադրբեջանը ագրեսիվ մտադրություններ ունի Հայաստանի նկատմամբ, դա կարող է մտահոգել Ադրբեջանին, որ այդ տասնյակ միլիարդ դոլարները կարող են օգտագործվել Հայաստանի պաշտպանունակությունը բարձրացնելու համար, և Ադրբեջանն իր ագրեսիվ պլանները մեր նկատմամբ իրագործելու խնդիրներ կարող է ունենալ»,- համաժողովում ունեցած ելույթում ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նա հավելել է, որ Հայաստանը որևէ ագրեսիվ նկատառում Ադրբեջանի, ընդհանրապես տարածաշրջանի երկրների նկատմամբ չունի․ «Մենք ճանաչում ենք մեր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունը և պատրաստ ենք դրա վերաբերյալ դե յուրե պարտավորություններ ստանձնել»:
«Ավելին ասեմ՝ Հայաստանն արձանագրել է, որ նույնիսկ սեփական օկուպացված տարածքները վերադարձնելու համար ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր չենք դնում, որովհետև սահմանազատման գործընթացում Ադրբեջանի հետ մեր ստորագրած փաստաթուղթը տալիս է բոլոր հնարավորությունները, որ սահմանազատման գործընթացը տեղի ունենա իրավական, օրինական հենքերի վրա։ Մենք, ըստ էության, բոլոր երաշխքիները ստեղծում ենք, շարունակելու ենք այս ուղեգիծը, որ մեր հարևաններից որևէ մեկը ոչ միայն կասկած չունենա մեր ագրեսիվ մտադրությունների գոյության վերաբերյալ, այլև գոյություն ունենան դե յուրե պարտադիր երաշխիքներ մեր երկրի կողմից ագրեսիվ քաղաքականությունների չվարման վերաբերյալ:
Բաց փաստն այն է, որ Ադրբեջանն ուզում է, որ Հայաստանի ճանապարհները օգտագործելի լինեն իր համար, բայց միևնույն ժամանակ Հայաստանը շարունակի մնալ շրջափակման մեջ։ Սա ինքնին անտրամաբանական մոտեցում է, Հայաստանի համար ընդունելի չէ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Նա նաև ասել է, որ պատրաստ են տրամադրել կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։
Ավելացնել նոր մեկնաբանություն