Submitted by H.Aslanyan on
Արա

«Պատմականից» մինչև անհետացող Հայաստան. ռազմավարական մտածողությունը մերժելու գինը. Արա Այվազյան

«Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացրել է ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանի հոդվածը։

Այն ներկայացնում ենք ստորեւ.

«Համաշխարհային համակարգը վերապրում է խոր փոփոխությունների և փոխակերպումների փուլ։ Ո՛չ Վեստֆալյան ինքնիշխանությունների համակարգը, ո՛չ 19-րդ դարի ուժերի հավասարակշռությունը, ո՛չ Սառը պատերազմի գաղափարախոսությունը, ո՛չ էլ կոլեկտիվ անվտանգության լիբերալ կարգն այլևս չեն բնորոշում ներկայիս իրականությունը։ Այսօր ուրվագծվում է նոր, մասնատված աշխարհակարգ, որտեղ անվերահսկելի ուժն ու շահը դուրս են մղում գաղափարախոսությունը, իրավունքը և համընդհանուր արժեքները։

Այս փոփոխության կիզակետում Միացյալ Նահանգների դերի վերափոխումն է։ Երկար ժամանակ լինելով համաշխարհային կարգուկանոնի երաշխավորը՝ Ամերիկան ներկայիս վարչակազմի օրոք անցել է գործարքային գերիշխանության, որտեղ «America First» սկզբունքը եկել է փոխարինելու համաշխարհային պատասխանատվությանը։ Միացյալ Նահանգները դեռևս պահպանում է կայսրության բնութագիրը՝ ռազմական, ֆինանսական և տեխնոլոգիական հեգեմոնիան, բայց հրաժարվում է իր նախկին ունիվերսալիստական առաքելությունից։ Խոսքը ոչ թե նոր ինքնամեկուսացման, այլ նոր եսակենտրոն վարքի մասին է. համաշխարհային դերակատարություն, այո՛, բայց միայն սեփական շահով և պայմաններով։ Արդյունքում՝ միջազգային հարաբերությունների նախկին ճարտարապետությունը, որը հիմնված էր կանոնների, դաշինքների, գաղափարախոսական շրջանակների և պարտավորությունների վրա, փլուզվում է։

Ունիվերսալիզմի այս մերժումն ամրապնդվում է գլոբալացման վերագնահատմամբ։ Այն, ինչն անցյալում ընկալվում էր որպես հզորության աղբյուր, այժմ ամերիկյան քաղաքական շրջանակների կողմից ավելի ու ավելի հաճախ է որակվում որպես սպառնալիք՝ արդյունաբերական առաջատարության կորուստ, մատակարարումներից կախվածություն, տեխնոլոգիական և ժողովրդագրական մարտահրավերների նկատմամբ խոցելիություն։ Միացյալ Նահանգները սկսել է սահմանափակել այն գլոբալիզացիան, որն ինքը ժամանակին քաջալերում էր և որում գերիշխում էր, ու վերակողմնորոշվում է դեպի ռազմավարական ինքնիշխանություն և տնտեսական ինքնաբավություն։

Այս գործընթացում ամենախոցելի կողմը Եվրոպան է։ Եվրոպական Միությունը տասնամյակների ընթացքում զարգացել է որպես հետազգային նախագիծ, որի համար վստահությունը, վստահելիությունն ու անվտանգությունը, և ոչ թե ուժըն են եղել միջազգային կանոնների միջուկը: ԱՄՆ-ի կողմից երաշխավորված ՆԱՏՕ-ի հովանոցը թույլ էր տալիս Եվրոպային՝ չլինել աշխարհաքաղաքականության վտանգավոր առաջնագծում։ Սակայն ներկայիս՝ գործարքային արտաքին քաղաքականության դարաշրջանում ամերիկյան պաշտպանությունն այլևս չի ընկալվում որպես անվերապահ։ Միացյալ Նահանգները պահանջում է, որ իր դաշնակիցները վճարեն իրենց անվտանգության համար և մասնակցեն դրա ապահովմանը նոր պայմաններով ու հավելյալ պարտականություններով։ Այս ամենը ոչնչացնում է եվրոպական անվտանգության ձևավորված մոդելը։ Դրան գումարվում են միգրացիոն ճգնաժամը, եվրասկեպտիցիզմի աճը, որոշ երկրներում՝ ավտորիտարիզմի միտումները, Եվրոպայի հյուսիսի և հարավի միջև տնտեսական տարաձայնությունները։ ԵՄ-ն անկարող է արագ արձագանքել սպառնալիքներին, քանի որ որոշումներն ընդունվում են կոնսենսուսի միջոցով, իսկ Ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Իտալիայի, Հունգարիայի և Բալթյան երկրների շահերը հաճախ տարբերվում են։ Ռազմավարական համերաշխությունը գնալով ավելի է զիջում իր տեղը ազգային եսասիրությանը։ ԵՄ-ն մնում է տնտեսական տարածք, բայց կորցնում է քաղաքական և ռազմավարական նշանակությունը։ Ռազմական կախվածությունը մեծանում է, իսկ ներքին համերաշխությունը թուլանում։ Ի հայտ են գալիս «տարբեր արագությունների Եվրոպաներ»։ Հետևաբար, ԵՄ-ն կանգնած է լրջագույն երկընտրանքի առջև. կամ դառնալ լիարժեք դերակատար՝ իր սեփական բանակով, արտաքին քաղաքականությամբ և ռազմավարական մտածողությամբ, կամ էլ մնալ տնտեսական տարածք՝ աճող արտաքին ճնշման ներքո։

Աշխարհը գնում է դեպի բազմաբևեռություն, բայց դա չի նշանակում, որ այն դառնում է ավելի արդար։ Առանց մեկ համակարգող կենտրոնի աշխարհակարգը տրոհվում է երկու հնարավոր սցենարներում։ Առաջինը տարածաշրջանային հեգեմոնիաների աշխարհ է, որտեղ խոշոր տերությունները վերահսկում են իրենց ազդեցության գոտիները և մրցում են ծայրամասում՝ առանց համաշխարհային հավակնությունների։ Երկրորդը իրավիճակային, գործարքային հարաբերությունների աշխարհն է, որտեղ յուրաքանչյուր պետություն գործում է մենակ՝ հիմնվելով կարճաժամկետ շահերի և ժամանակավոր դաշինքների վրա։ Երկու պարագաներում էլ տեղի կունենա համընդհանուր նորմերի գաղափարից հրաժարում և միջազգային հարաբերությունների վերածում ուժերի մրցակցության, այլ ոչ թե՝ օրենքների։

Իսկ այն աշխարհակարգում, որում չկան համընդհանուր ընդունված վարքագծի կանոններ և օրինական արբիտրներ, նույնիսկ «միջազգային հանրության» գաղափարն է ինքնին անհետանում։ Նման պայմաններում ուժի կիրառումը դադարում է անընդունելի և արտակարգ բացառություն լինել, այն կրկին դառնում է օրինական գործիք։ Պատերազմը կրկին դիտվելու է ոչ թե որպես շեղում, այլ՝ որպես ռազմավարական հաշվարկի մաս։ Որքան ավելի քայքայվեն միջազգային ինստիտուտները, այնքան ավելի գրավիչ և արդյունավետ է թվալու ագրեսիան։ Իսկ այսպիսի աշխարհում կգոյատևեն միայն այն պետությունները, որոնք կպահպանեն զսպելու և ուժ գործադրելու իրենց ունակությունը։

Այս ֆոնի վրա հատկանշական է Հայաստանի ներկայիս ղեկավարության որդեգրած ուղին։ 2020-2023 թվականների պարտություններից հետո իշխանությունները հայտարարել են նոր ռազմավարության մասին, որը հիմնված է «խաղաղության դարաշրջանի» գաղափարի, առճակատման մերժման և ժողովրդավարական վերածննդի վրա։ Այդ տեսլականը ենթադրում է, որ ներքին բարեփոխումների և ազգային մտածելակերպի վերաձևավորման արդյունքում կստեղծվեն պայմաններ երկարատև խաղաղության համար։

Սակայն ուրվագծվող միջազգային նոր կարգի համատեքստում նման ռազմավարությունը թվում է վտանգավոր և ժամանակավրեպ։ Խաղաղությունը, որը ձգտում է հաստատել Երևանը, ենթադրում է երաշխավորների, կանոնների և ինստիտուցիոնալ շրջանակների գոյություն։ Մինչդեռ անտեսվում է, որ երաշխավորները կորցրել են իրենց հետաքրքրությունն ու կամքը, իսկ կանոնները՝ իրենց ուժը։ Նման միջավայրում միակողմանի հաշտեցման քաղաքականությունը դառնում է ոչ թե խաղաղության, այլ՝ խոցելիության բանաձև։ Պատահական չէ, որ Թուրքիան և Ադրբեջանը, գործելով ուժային քաղաքականության տրամաբանությանը համապատասխան, Հայաստանի «բարյացակամությունը» չեն դիտարկում որպես դեէսկալացիայի խթան։ Նրանք, ընդհակառակը, դա համարում են թուլության նշան, ուստի հետևողականորեն ուժեղացնում են ռազմական, տարածքային, դիվանագիտական և գաղափարական ճնշումը։

Պետությունները մահանում են ոչ թե երազից, այլ՝ իրենց պաշտպանելու անկարողությունից։

Յուրաքանչյուր պետության հիմնական գործառույթը քաղաքացիների անվտանգության ապահովումն ու ինքնիշխանության պաշտպանությունն է։ Ոչ մի հռչակագիր, ոչ մի ստորագրված փաստաթուղթ չեն կարող փոխարինել այս կենսական գործառույթի ուժային բաղադրիչին։ Ներկայիս Հայաստանը մնացել է առանց ռազմավարական երաշխավորների, նրա պաշտպանական կարողությունները սահմանափակ են, իսկ շրջակա միջավայրը՝ ագրեսիվ։ Նման իրավիճակում դրոշակ դարձնել խաղաղությունը՝ առանց զսպման, և արժեքները թողնել առանց պաշտպանության, նշանակում է երկիրը մղել դեպի ռազմավարական խոցելիության ուղի։

Հենց սա է պատճառը, որ Հայաստանի ղեկավարության գործողությունները հակասում են միջազգային իրավիճակի զարգացման տրամաբանությանը։ Պաշտոնական Երևանի քայլերը զուրկ են աշխարհում տեղի ունեցող գործընթացների և Հայաստանին գոյաբանական մարտահրավեր ներկայացնող հարևանների իրական նպատակների ռազմավարական վերլուծությունից: Հայաստանի իշխանությունները հաշվի չեն առնում գլխավորը. ո՛չ ժողովրդավարացումը, ո՛չ խաղաղ հռետորաբանությունը, ո՛չ էլ նույնիսկ իրավական զիջումները չեն ապահովում անվտանգությունն այնպիսի աշխարհում, որտեղ օրենքի փոխարեն իշխում է ուժը։

Հիմա մեզ առաջարկվում է «Իրական Հայաստանի» հայեցակարգը՝ իբրև անցյալի «առասպելների ու հույսերի սթափեցնող մերժում» և հրաժարում «Պատմական Հայաստանից», որի արժեքներն ու հավակնությունները ենթադրաբար հանգեցրել են շարունակական աղետների։ Սակայն ողբերգությունն այն է, որ հենց հիշողության, պատմության դասերի, ինքնապահպանման բնազդի մերժումն է, որ կարող է հանգեցնել ոչ թե պատմական առասպելի, այլ իրական Հայաստանի կործանմանը՝ այն Հայաստանի, որը վերջին 34 տարիների ընթացքում գոյություն ունի որպես ինքնիշխան պետություն։

Ռազմավարական առումով չմտածված ընթացքը, որը ներկայացվում է որպես «սթափություն» և «իրատեսություն», կարող է մեզ մղել վերապրելու մեծ աղետ, որի վերաբերյալ մենք վճռել էինք «այլևս երբեք»: Եվ այդ ժամանակ Պատմությունը, ոչ թե որպես առասպել, այլ՝ որպես ողբերգություն, կվերադառնա՝ մեզ հիշեցնելու, որ պետությունները մահանում են ոչ թե երազից, այլ՝ իրենց պաշտպանելու անկարողությունից։

Հաջորդիվ կներկայացնեմ խնդրի այլ դիտանկյուններ։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Մարմին
Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25
պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Թրամփ
Թրամփը ցանկանում է Ուկրաինայի հարցով համաձայնագիր կնքել G20–ի գագաթնաժողովում. ԶԼՄ
Հանդիպում
Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից
Արաղչի
Եթե ԱՄՆ-ն ընտրի պատերազմը, դա կհանգեցնի ավելի մեծ ռազմավարական ձախողման․ Արաղչի
Դրոշ
Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում
Հովիվ
Ադրբեջանցի հովիվը ոչ թե մոլորվել է, այլ անցել է հայկական կողմ սպիտակ դրոշով՝ հանձնվելու համար
Ռուբիո
Ուկրաինան գոյություն չէր ունենա առանց ԱՄՆ-ի օգնության․ Ռուբիո
Նեթանյահու
Նեթանյահուն ցանկանում է վերսկսել լայնամասշտաբ ռազմական գործողություններն Իրանի դեմ․ FT
Պեսկով
ՌԴ-ին խաղաղություն է պետք, ոչ թե զինադադար․ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել․ Պեսկով
Հարութ
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Հարութ Սասունյան
Սթիվ
Թրամփի հատուկ ներկայացուցիչը Ռուսաստանում է՝ բանակցությունների համար
Ալիև
Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Շաքի
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
Հովիվ
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Զելենսկի
ԱՄՆ-ն 350 միլիարդ դոլար է ծախսել Զելենսկու իշխանությանն աջակցելու համար. Թրամփ
Զելենսկի
Ուկրաինան խաղաղություն է ուզում բոլորից շատ․ հենց Ռուսաստանն է սկսել այս պատերազմը․ Զելենսկի
Թուրք
Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել փողով. թուրք փորձագետ
Իրան
Իրանը թույլ չի տա հարստացված ուրանի դուրսբերումը երկրի տարածքից
Ազոխ
Ադրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքը
Թրամփ
Թրամփը Կիևին հորդորել է գործարք կնքել
Զելենսկի
Կիևը պատրաստ է դադարեցնել պատերազմը՝ ռազմաճակատի ներկայիս գծի պահպանմամբ․ Զելենսկի