
Վստահ եմ, որ երբ խաղաղության պայմանագրի կնքվի՝ ադրբեջանական զորքերը հետ կքաշվեն մեր տարածքներից. Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը այսօր լրագրողների հետ զրույցում հրաժարվեց պատասխանել հարցին, թե բացառո՞ւմ է, որ ինչ-որ պահի Հայաստանը տեղի կտա Սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի պահանջին: «Մեր դիրքորոշումը բազմիցս ասել ենք, թե հետագայում ինչ կլինի, ես կանխագուշակումներ չեն անի, ուլտիմատումներով չեմ խոսի: Մենք դրա լուծումն էլ ենք առաջարկել, որն ակնհայտ է: Մենք չպետք է փորձենք մկաններով խաղալ կամ մեկս մյուսին բան ապացուցել, այլ լուծումներ գտնենք»,- ասաց նա:
Հարցին, թե արդյոք խաղաղության պայմանագրում կա կետ, որը ենթադրում է, որ ադրբեջանական զորքերը պետք է ՀՀ տարածքից հետ քաշվեն՝ Սիմոնյանն ասաց, որ պայմանագրի կետերը չի բացահայտելու։ «Տրամաբանությունը հուշում է, որ երբ մենք խոսում ենք Ալմաթիի հռչակագրի սկզբունքներից ելնելով սահմանը վերհանելու մասին, դա ենթադրում է, որ եթե Հայաստանը կամ Ադրբեջանը ճանաչում են, որ այս գծից այն կողմ այլ երկրի տարածք է՝ պետք է վերականգնի դա: Ես վստահ եմ, որ խաղաղության պայմանագրի կնքումով մենք դրան կհասնենք և Ադրբեջանը հետ կքաշվի այն մասերից, որտեղ ինքն է առաջ, և մենք վեր կհանենք այն սահմանը, որով Հայաստանն անկախացել է սեպտեմբերի 21-ին»,- նշեց նա:
Ավելացնել նոր մեկնաբանություն