Խոշոր հարկատուներ. ԶՊՄԿ-ն վերադարձնում է առաջատարի դիրքը, խաղային ոլորտը շարունակում է աճել
Հայաստանի խոշորագույն հարկատուների ցանկում 2026 թվականի առաջին կիսամյակում արձանագրվել են էական վերադասավորումներ: Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ արդյունաբերական հսկաները վերադարձրել են իրենց գերիշխող դիրքերը, մինչդեռ խաղային ոլորտի ընկերությունները և բանկերը շարունակել են գեներացնել ծավալուն հարկային մուտքեր։ Միևնույն ժամանակ, նախորդ տարվա առաջատարներից ոմանք կտրուկ զիջել են իրենց դիրքերը։
Ընթացիկ տարվա կիսամյակի արդյունքներով ամենախոշոր հարկատուի տիտղոսը վերադարձրել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»։ Ընկերությունը պետական բյուջե է վճարել ավելի քան 41,7 մլրդ դրամ՝ կրկնապատկելով նախորդ տարվա ցուցանիշը։ Նրան անմիջապես հաջորդում է բջջային հեռախոսների ներմուծմամբ և վաճառքով զբաղվող «Մոբայլ Սենթր Արթ» ընկերությունը՝ ապահովելով շուրջ 38,1 միլիարդ դրամի հարկային մուտք՝ պայմանավորված հիմնականում այդ ապրանքատեսակի դեպի Ռուսաստան վերաարտահանմամբ։
Եռյակը եզրափակում է Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից «Արդշինբանկը», որի վճարած հարկերը հասել են 33,6 մլրդ դրամի։ Առաջին տասնյակում դիրքերը պահպանում են նաև էներգետիկ և արդյունաբերական ոլորտի այլ ներկայացուցիչներ՝ «Գազպրոմ Արմենիան»՝ 31,5 մլրդ դրամով, և «Գրանդ Տոբակոն»՝ 28,9 մլրդ դրամով։
Տասնյակը եզրափակում են «Ամերիաբանկը» (22,1 մլրդ դրամ), ՏՏ և խաղային ոլորտի հսկաներ «Դիջիթեյնը» (17,9 մլրդ դրամ) և «Սոֆթ Կոնստրակտը» (17,4 մլրդ դրամ), ինչպես նաև «Կապանի լեռնահարստացման կոմբինատն» (15,7 մլրդ դրամ) ու «ԻՄՎԲԱՄ» ընկերությունը (13,9 մլրդ դրամ)։ Վերջինս հայտնի «Վայլդբերրիզ» մանրածախ և էլեկտրոնային առևտրի հարթակի գործառնական ընկերությունն է Հայաստանում:
Դատելով ՊԵԿ-ի տվյալներից՝ նշանակալի տեղաշարժեր են գրանցվել առաջին հիսուն ընկերությունների աղյուսակում, երբ համեմատում ենք 2026-ի առաջին կիսամյակը 2025-ի նույն ժամանակահատվածի հետ։
Աճի շեշտակի ցուցանիշ է արձանագրել ԶՊՄԿ-ն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ իր հարկային վճարումներն ավելացնելով ավելի քան 21,3 միլիարդ դրամով կամ 104 տոկոսով։ Ուշագրավ է, որ «Սոֆթ Կոնստրակտը» և «Դիջիթեյնը» միասին բյուջե են բերել շուրջ 14,4 մլրդ դրամով ավելի հարկ, ինչը համապատասխանաբար կազմում է 76 և 62 տոկոս աճ։ Զգալի աճ են ապահովել նաև «Արդշինբանկը»՝ 5,6 մլրդ դրամով (20 տոկոս աճ) և «Կապանի լեռնահարստացման կոմբինատը»՝ 5,3 մլրդ դրամով (52 տոկոս աճ)։
Էլեկտրոնային առևտրի շուկայում արձանագրվել են ուշագրավ ֆինանսական և կառուցվածքային տեղաշարժեր։ Պաշտոնական տվյալներով՝ առաջին հայացքից թվում է, թե ոլորտի խոշոր խաղացող «Վայլդբերրիզ» ՍՊԸ-ն կտրուկ զիջել է դիրքերը՝ արձանագրելով հարկային մուտքերի մոտ 90 տոկոս անկում (բյուջե է վճարվել ընդամենը 832 միլիոն դրամ)։ Սակայն «ԻՄՎԲԱՄ» ՍՊԸ-ն, որը նհանդիսանում է «Վայլդբերրիզ» մանրածախ և էլեկտրոնային առևտրի հարթակի գործառնական ընկերությունը, այս կիսամյակում արձանագրել է հարկերի կտրուկ՝ 164 աճ։ Վճարելով 13,9 միլիարդ դրամ՝ այն հաստատվել է Հայաստանի խոշոր հարկատուների առաջին տասնյակում: Եթե դիտարկենք ընկերության երկու սուբյեկտների ցուցանիշները միասին, ապա «Վայլդբերրիզ»-ի հայաստանյան հատվածի գեներացրած ընդհանուր հարկային մուտքերն իրականում ոչ թե նվազել, այլ աճել են շուրջ 1,4 մլրդ դրամով։
Ի հակադրություն այս աճի՝ մի շարք խոշոր բիզնեսներ բախվել են հարկային մուտքերի կտրուկ նվազման։ Մասնավորապես, էլեկտրոնիկայի ներմուծմամբ և վաճառքով (ոչ վաղ անցյալում` նաև դեպի ՌԴ վերաարտահանմամբ) զբաղվող «Փրիթի Ուեյ» ընկերության վճարած հարկերը նվազել են 9,6 մլրդ դրամով՝ գրանցելով շուրջ 85 տոկոս անկում։ Զգալի նվազումներ են արձանագրել նաև «Արթ Վայն» (4,1 մլրդ դրամ պակաս), նավթամթերքի ներմուծմամբ զբաղվող «Ֆլեշ» (3 մլրդ դրամ պակաս) ընկերությունները և «Յունիբանկը» (2,7 մլրդ դրամ պակաս)։
Ավելացնել նոր մեկնաբանություն