
ՈՄԱ-ն՝ կրկին թշնամու թիրախում. հերթական կեղծ տեղեկատվական գրոհը
«CBC TV Azerbaijan» ադրբեջանական ալիքը ոտքից գլուխ խեղաթյուրված և կեղծ տեղեկություններով լի հերթական տեսանյութն է հրապարակել «ՈՄԱ-ի ահաբեկիչները նոր պատերազմ են սկսելու» խորագրով:
Տեսանյութում թշնամական ռազմական փորձագետը պատմում և ներկայացնում է իբրև թե հայկական անջատողական խմբավորումների և նրանց գործունեության մասին «ադրբեջանական ազատագրված հողերում»՝ նկատի ունենալով հայկական Արցախը, որն օկուպացվել է բռնապետական Ադրբեջանի կողմից:
Թշնամին առիթը բաց չի թողել՝ ևս մեկ անգամ թիրախավորելու ՈՄԱ ռազմահայրենասիրական կազմակերպությունը՝ բնականաբար այն ներկայացնելով որպես ահաբեկչական:
Տեսանյութում ցույց է տրվում բռնազավթված Արցախի միջնակարգ դպրոցներից մեկը, որի կիսանկուղային դասասենյակներից մեկում պատերազմի ժամանակ իբրև թե տեղակայված է եղել ՈՄԱ-ն՝ անցկացնելով տեղեկատվահոգեբանական բնույթի հատուկ գործողություններ, վերանորոգելով և պատրաստելով հարվածային ԱԹՍ-ներ, ինչպես նաև տարաբնույթ ինքնաշեն պայթուցիկ սարքեր:
Ըստ տեսանյութի հեղինակի՝ հատկապես ուշագրավ է ինֆորմատիկայի դասասենյակը, որը իբրև թե ֆինանսավորվել է ՈՄԱ-ի կողմից. այդ ենթադրության համար հիմք է ծառայում պատին փակցված պաստառը՝ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ՈՄԱ-ի 157-րդ գումարտակի մարտիկների անուններով. նշվում է, որ ՈՄԱ-ի կարգախոսը՝ «Ողջ մնալու արվեստ»-ը, չի գործել:
Տեսանյութի հեղինակը ևս մեկ անգամ շեշտում է, որ ենթադրաբար այդ դասասենյակում անցկացվել են տեղեկատվահոգեբանական բնույթի հատուկ գործողություններ, իսկ ինչ վերաբերում է սենյակում գտնված սարքավորումներին, ապա դրանք ուսումնասիրվում են ադրբեջանցի կիբեռանվտանգության մասնագետների կողմից:
«Դետքի» հետ զրույցում անդրադառնալով թշնամու հերթական տեղեկատվական կեղծիքին՝ ՈՄԱ ՌՀԿ հիմնադիր-նախագահ Վովա Վարտանովը նշեց, որ տվյալ լրատվամիջոցը թուրքերի պատերազմի քարոզչական լրատվամիջոցն է, որը մշտապես հայատյացություն է քարոզել, ուստի ոչ մի արտառոց բան չկա, որ հայկական հասարակության ինքնապաշտպանությանը միտված կառույցների դեմ են աշխատում:
«Էդ հաղորդումների որակը ծիծաղ ա առաջացնում, ուշադիր նայեք էն հաղորդումը, որտեղ ՈՄԱ-ն ներկայացվում ա որպես ահաբեկչական. սենյակում աման, սիգարետի տուփ, մի հատ մահճակալ, դրանից ենթադրում են, որ դպրոցը կազառմա են դարձրել. դա, հնարավոր ա, պահակի քնելու տեղը լիներ: Իրենց վայրահաչոցների վրա կարելի էր ուշադրություն չդարձնել, եթե չլիներ պլանավորված աշխատանք: Մեր պետական այրերը պետք է ուշադիր լինեն. երբ որ ՈՄԱ-ի դեմ տեղեկատվական հարձակումներ են սկսվում, դա միշտ ինչ-որ բանից առաջ ա: Թող մեր պետական այրերը մտածեն՝ դա ինչ ա»,- եզրափակեց Վարտանովը։
Add new comment