Թեհրանը սադրանքների դեպքում պատրաստ է կրկին պատասխանել Վաշինգտոնին. Արաղչի
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Կատարում ԱՄՆ-ի ռազմաբազային հասցված իրանական հրթիռային հարվածը որակել է ամերիկյան «ագրեսիայի» պատասխան և խոստացել, որ Թեհրանը կրկին կպատասխանի Վաշինգտոնի կողմից հետագա գործողությունների դեպքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը:
«ԱՄՆ-ի կողմից հետագա գործողությունների դեպքում Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ կլինի պատասխան տալ», – Արաղչին հայտարարել է Աշխաբադում մամուլի ասուլիսի ժամանակ։
Հրապարակման համաձայն՝ նա ընդգծել է, որ Թեհրանը չի ցանկանում սրել լարվածությունը տարածաշրջանում, և Կատարում ԱՄՆ-ի «Ալ-Ուդեյդ» ռազմաբազային հասցված իրանական հրթիռային հարվածը որակել է «պատասխան Ամերիկայի աղաղակող ագրեսիային՝ ուղղված Իրանի տարածքային ամբողջականության և ազգային ինքնիշխանության դեմ»։
Արաղչիի խոսքով՝ ԱՄՆ-ի հարվածներն Իրանին խոսում են Իսրայելի «թուլության» և Իրանի հարցում նրա «հուսահատության» մասին։Արաղչին նաև գրառում է կատարել X սոցիալական հարթակում՝ նշելով, որ մինչև վերջին պահը շարունակել են գործողությունները։«Մեր հզոր զինված ուժերի ռազմական գործողություններն, ուղղված պատժելու Իսրայելին իր ագրեսիայի համար, շարունակվել են մինչև վերջին պահը՝ գիշերվա ժամը՝ 4-ը։ բոլոր իրանցիների հետ միասին ես շնորհակալություն եմ հայտնում մեր խիզախ զինված ուժերին, որը պատրաստ է պաշտպանելու մեր երկիրը մինչև արյան վերջին կաթիլը, և որը պատասխանել է մեր թշնամու ցանկացած հարձակման մինչև վերջին րոպեն», - գրել է Աբբաս Արաղչին։
Add new comment