«Հայաստան, Ադրբեջան, Վրաստան. ցույցեր, հակամարտություններ, պատերազմներ և երիտասարդների հույսերը». ռեպորտաժ՝ Հարավային Կովկաս բարդ տարածաշրջանի մասին
Եթե դուք խաղաղություն եք ուզում, դուք պետք է պատրաստ լինեք պայքարել դրա համար:
Ահա այս խոսքերով է սկսվում DW-ի «Հայաստան, Ադրբեջան, Վրաստան. ցույցեր, հակամարտություններ, պատերազմներ և երիտասարդների հույսերը» վերնագրով ռեպորտաժը՝ նվիրված Հարավային Կովկաս բարդ տարածաշրջանին և այնտեղ տարիներ ի վեր շարունակվող հակամարտություններին:
«Դետքը» թարգմանաբար ներկայացնում է ռեպորտաժի բովանդակությունը:
Ռեպորտաժի առաջին հատվածում վրացի քաղաքագետ Մարիամ Ջանպարիձեն խոսում է 2008 թ. ռուս-վրացական պատերազմի, Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայի և Աբխազիայի օկուպացման մասին, անցյալ տարի Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների, երկրում ծավալվող հակակառավարական ցույցերի մասին՝ ընդդեմ ռուսամետ իշխանության, Եվրամիությանը միանալու իշխանությունների ջանքերի և Եվրոպայի մերժման մասին:
1991 թ. Վրաստանը, ինչպես նաև Հայաստանը և Ադրբեջանը, գտնվում էին ԽՍՀՄ կառավարման ներքո, որի փլուզումից հետո տարածաշրջանում սկսվեցին մի շարք զինված հակամարտություններ, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև:
90-ական թվականներին հայկական բնակչությունը վտարվել է Ադրբեջանից, իսկ ադրբեջանականը՝ Հայաստանից, երկու երկրում էլ տեղի են ունեցել զանգվածային սպանություններ:
Վերջին 10 տարվա ընթացքում գրեթե միշտ հենց Ադրբեջանն է սկսել մարտական գործողությունները, ինչպես 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմը:
Ամենաշատը պատերազմել են Ղարաբաղի համար, որը սովետական ժամանակաշրջանում եղել է Ադրբեջանի ինքնավար շրջանը, բայց բնակչությունը հիմնականում կազմված է եղել հայերից: 1991 թվականից հետո նրանք պայքարել են անկախության ձեռքբերման համար, բայց այդպես էլ չեն ստացել այն:
2023 թվականին Ադրբեջանը հարձակվել է Ղարաբաղի վրա, և այնտեղի ողջ հայ բնակչությունը՝ ավելի քան 100 հազար մարդ, փախել է այնտեղից:
Այժմ այնպիսի տպավորություն է, որ երկրները շարժվում են դեպի խաղաղություն: Մի քանի ամսի առաջ երկրների ղեկավարներ Փաշինյանը և Ալիևը ԱՄՆ-ում նախագահ Թրամփի միջնորդությամբ ստորագրել են համաձայնագիր: Ադրբեջանը Հայաստանի տարածքով ուղիղ կապ կստանա դեպի իր էքսկլավ՝ Նախիջանի Ինքնավար Հանրապետություն, միջանցքը կառուցվելու է ԱՄՆ օգնությամբ:
Փոխարենը երկու երկրները պետք է զերծ մնան նոր ռազմական գործողություններից և տարածքային հավակնություններից:
Հիշատակում չկա ոչ հայ զինվորականների, ոչ Լեռնային Ղարաբաղից վտարված հարյուր հազարավոր հայերի մասին:
Գործարքն ընդամենը հռչակագիր է, և Հայաստանում շատերը չեն վստահում այդ խաղաղությանը:
«Ինձ թվում է՝ Ադրբեջանի հետ խաղաղությունը հնարավոր չէ իրենց պատճառով,- պատմում է Ժաննա Ավանեսյանը, որը 27 տարեկան իրավաբան է: -20 թվականի պատերազմը շատ ցավոտ էր մեզ համար: Մենք բախվեցինք նոր իրականության։ Իմ ընկերներից շատերն այդ ժամանակ ռազմաճակատում էին։ Երկար ժամանակ նորություններ չկային, և դա շատ տխուր էր։ Ես ինքս ինձ հարցրի՝ ի՞նչ իմաստ ունի իմ կյանքը, եթե չկարողանամ օգնել նման իրավիճակում։Մագիստրոսի կոչում ստանալուց հետո ես անմիջապես գրանցվեցի ՈՄԱ-ի դասընթացների։ ՈՄԱ հապավումը նշանակում է «Ողջ մնալու արվեստ»։ ՈՄԱ-ն ռազմահայրենասիրական կազմակերպություն է, որը հայերին մարտական պատրաստություն է սովորեցնում։ Նրանք առաջարկում են մի քանի դասընթացներ, օրինակ՝ առաջին բուժօգնություն, դիմացկունության մարզումներ և հրաձգություն»։
«Իմ անունը Վաղինակ Վարդանով է, և ես ՈՄԱ-ի փոխնախագահն եմ։ Մեր առաքելությունը հիմնված է ազգի՝ որպես բանակի, և երկրի՝ որպես ամրոցի հայեցակարգի վրա։ Սրանով մենք բանակը նկատի չենք ունենում ավանդական իմաստով՝ պարզապես զինվորներով բանակ։ Մենք խոսում ենք համախմբված և դիմացկուն հասարակության մասին, որտեղ յուրաքանչյուր մարդ կարող է արձագանքել արտակարգ իրավիճակներին, նույնիսկ ծայրահեղ պայմաններում։
2020 թվականից ի վեր մենք նկատել ենք մասնակիցների թվի կտրուկ աճ։
2020 թվականին նախորդող վեց տարիների ընթացքում մեր դասընթացներն ավարտել է մոտ 2000 մարդ, հիմա արդեն 11 հազար»,- պատմում է ՈՄԱ-ի փոխնախագահ Վաղինակ Վարդանովը:
«Մենք ներկայումս անցկացնում ենք մարտավարական վարժանքներ։ Առաջին բուժօգնությունը նույնպես այս վարժանքների մաս է կազմում։ Մենք ներառում ենք հիմունքները և կիրառում ենք արտակարգ իրավիճակներում գործողությունների ընթացակարգերը։ Ես պատերազմը բոլորովին այլ կերպ էի դիտարկում, բայց 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմը ինձ համար և մեզ բոլորիս համար Հայաստանում տագնապի ազդանշան դարձավ։ Իմ վերաբերմունքը պատերազմի նկատմամբ կտրուկ փոխվեց, այդ թվում՝ նման վարժանքների»,- պատմում է Ժաննան։
Երիտասարդ իրավաբանը ցույց է տալիս Հաղթանակի զբոսայգին և ասում՝ պատահական չէ, որ այստեղ կանգնեցվել է հայոց պատմության խորհրդանիշը՝ «Մայր Հայաստանը», որը խոսում է մեր հաղթանակների մասին. «Դուք տեսնում եք կնոջ, որը կանգնած է սուրը ձեռքին՝ որպես հայ ժողովրդի պաշտպան։ Սա նաև խորհրդանշում է, որ ոչ միայն տղամարդիկ, այլև կանայք են պայքարում հայրենիքի համար»:
Կկարողանա՞ն հայերը երբևէ կրկին հավատալ խաղաղությանը։
«Եթե մյուս կողմը շարունակի անտեսել հրադադարի համաձայնագրերը և անտարբերություն ցուցաբերի մեր պահանջների և ստորագրված համաձայնագրերի նկատմամբ, եթե թշնամին հրետակոծի սահմանը և բազմիցս կատարի գործողություններ, որոնք խախտում են մեր իրավունքներն ու կնքված փաստաթղթերը, բնականաբար մենք՝ հայերս, չենք կարող հավատալ խաղաղությանը»,- հարցին պատասխանում է Ժաննան։
Ռեպորտաժի վերջին մասում վրացի քաղաքագետը խոսում է Ադրբեջանում հաստատված բռնապետության և Ալիևի ավտորիտար կառավարման մասին. «Ադրբեջանում բռնապետ Ալիևը իշխանության գլուխ է 22 տարի։ Նա պաշտոնը ժառանգել է հորից։ Մինչ Ալիևին Արևմուտքում գովաբանում են, մինչդեռ ԵՄ-ն նրա հետ գազի և նավթի պայմանագրեր է կնքում, Ալիևը սահմանափակել է իր երկրում բոլոր ազատությունները։ Ալիևը լռեցրել է քննադատական ձայները Ադրբեջանում։ Յուրաքանչյուր ոք, ով համարձակվում է բարձրաձայնել կամ պաշտպանել Հայաստանի հետ երկխոսությունը, կարող է դավաճան համարվել և դատապարտվել տարիների ազատազրկման։
Ահա թե ինչու այսօր Ադրբեջանից լրագրողների և ակտիվիստների մեծ մասը ապրում է աքսորում»։
Ադրբեջանցի լրագրող Արզու Հեյբուլան պատմում է, որ իրեն դավաճան են համարում Ադրբեջանում, քանի որ համարձակվում է քննադատել իշխանությանը, խոսում է երկրում մարդու իրավունքների խախտումների, կոռուպցիայի, երկրում քննադատական մտածողության արգելքի, քաղբանտարկյալների ու լրագրողների հալածանքների մասին:
Add new comment