Վաշինգտոնը Թեհրանի աջակցությունն է խնդրել Եմենում ընթացող պատերազմը դադարեցնելու հարցում
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին հայտարարել է, որ Եմենի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Թիմ Լինդերկինն Իրանին խնդրել է աջակցել պատերազմը դադարեցնելուն և խաղաղության հաստատմանը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը։
Քանաանին իր թվիթերյան էջում կատարված գրառմամբ մեծ գոհունակություն է հայտնել Եմենում պատերազմը դադարեցնելու հարցում Իրանին ուղղված խնդրանքի կապակցությամբ։ Իրանցի պաշտոնյան ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Թեհրանը Եմենում պատերազմի մեկնարկից ի վեր կողմնակից է եղել խաղաղ կարգավորման գործընթացին։
«Միացյալ Նահանգների կառավարության ներկայացուցիչը խոսում է Եմենում խաղաղության գործընթացի մասին, մի գործընթաց, որն Իրանի Իսլամական Հանրապետությունը կարևորել է Եմենի պատերազմի սկզբից ի վեր և այդ ուղղությամբ ջանքեր է գործադրել»,- հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակը։
Հիշեցնենք, որ Եմենում ռազմական գործողությունների հենց սկզբից Իրանը հանդես է եկել այդ երկրում հրադադար ու խաղաղություն հաստատելու կոչով և առ այսօր այդ ուղղությամբ դիվանագիտական լայնածավալ միջոցառումներ է իրականացրել։
Add new comment