Ուկրաինային փոխանցվել են «ՄիԳ-29» կործանիչները
Լեհաստանի իշխանություններն Ուկրաինային են փոխանցել մի քանի «ՄիԳ-29» կործանիչ։
Այս մասին ասել է Լեհաստանի նախագահի միջազգային հարցերով ներկայացուցիչ Մարչին Պշիդաչը:
«Եթե խոսում ենք կործանիչների առաջին խմբաքանակի փոխանցման մասին, ապա իմ տեղեկություններով՝ այս գործընթացն արդեն ավարտվել է»,- նշել է Պշիդաչը։
Լեհաստանը նախատեսում էր առաջիկա մի քանի տարիներին այս կործանիչները փոխարինել ավելի ժամանակակից տեխնիկայով։ Լեհաստանն ունի 28 «ՄիԳ-29» ինքնաթիռ:
Հիշեցնենք, որ մարտի 16-ին Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել էր, որ Կիևն առաջիկայում Վարշավայից կստանա առաջին չորս «ՄիԳ-29» կործանիչները։ Նշվել է, որ ինքնաթիռների մյուս խմբաքանակը տեխնիկական սպասարկման փուլում է, պատրաստ լինելուն պես դրանք Ուկրաինային կհանձնվեն:
Նշենք նաև, որ օրերս ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն անդրադառնալով Ուկրաինային նշել է, որ ՆԱՏՕ-ի դիրքորոշումը մնում է անփոփոխ, և Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ։
Add new comment