Submitted by H.Aslanyan on
Սփյուռք

«Մենք Հայաստան ոչ թե հագած շոր, այլ մեր եղած-չեղածն ենք ուղարկել». Սփյուռքի պատասխանը Փաշինյանին

ՌԴ Եկատերինբուրգի հայ համայնքի ղեկավար Մասիս Նազարյանը «Դետքին» տված հարցազրույցում խիստ է արձագանքել Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Սփյուռքը Հայաստանին ոչնչով չի օգնել, այլ միայն հագած շորեր է ուղարկել երկրաշարժի և պատերազմի տարիներին։

«Ինձ դուր չի գալիս, երբ բաժանում են մեզ. մենք սփյուռքահայ չենք, մենք հայ ենք։ Եկատերինբուրգում ստեղծել ենք հայկական մեծ համայնք` շուրջ 25.000 բնակչով, հայկական եկեղեցի ու հայկական կիրակնօրյա դպրոց, ուր հաճախում է ավելի քան 400 երեխա»,- նշել է Մ. Նազարյանը։

Նա հիշել է, որ 80-90-ական թվականներին, երբ անգամ ողջ Ուրալում մթերքները մարդիկ տալոնով էին ստանում, իրենք բեռնատարներով պարեն ու տաք հագուստ են ուղարկել Հայաստան, զենք ու խոշոր գումարային միջոցներ:

Մ. Նազարյանը հիշեցրել է նաև, որ համայնքը Հայաստանի կողքին է եղել Արցախյան քառօրյա, երկրորդ պատերազմներում, Ջերմուկի պատերազմի ընթացքում։

Հիշատակելով այսօրվա իշխանության խոսույթը` նա խստորեն դատապարտել է խաղաղություն մուրալու քաղաքականությունը։

«Պատերազմից շատ ավելի վատ բան կա, դա արժանապատվության կորուստն է։ Պարտվող երկիրը չի կարող խաղաղություն հաստատել, խաղաղությունը միշտ ուժեղն է պարտադրում։ Առանց մտքի, ոգու, մկանի ուժի ոչնչի հասնել չենք կարող։ Ոչինչ չի կարելի մուրալ, կարելի է միայն պարտադրել»,- նշել է մեր զրուցակիցը։

Հարցազրույցի վերջում համայնքի ղեկավարն ընդգծել է, որ միշտ խորհուրդ էր տալիս համայնքի բոլոր երիտասարդներին ապրել այնպես, որ իրենց այլազգի ընկերները հպարտ լինեն, որ նման ընկեր ունեն։

«Ես ուզում եմ, որ մարդիկ իմանան, թե ով ենք մենք, ու ինչ է նշանակում համայնք։ Մենք միշտ կանգնած ենք եղել մեր երկրի ու ժողովրդի կողքին, և ոչ ոք չի կարող մեր գործը արժեզրկել»,- եզրափակել է Մ. Նազարյանը` նշելով, որ Հայաստանի հետ կապը, համայնքի զարգացումը և ազգային արժեքների պահպանումն ու տարածումը շարունակելու են առաջնային լինել։

 

Add new comment