Submitted by H.Andreasyan on
Ադրբեջանցիները ցանկանում էին գրավել Ջերմուկը. ԳՇ պետը՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարին

Ադրբեջանցիները ցանկանում էին գրավել Ջերմուկը. ԳՇ պետը՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարին

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը Ջերմուկում Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնային հենց դիրքերում ներկայացրել է, թե սեպտեմբերի 13-14-ի ռազմական գործողությունների արդյունքում հակառակորդը որքան է ներթափանցել Հայաստանի ինքնիշխան տարածք:

«Ես անմիջական տարածքում ցույց կտամ, թե Ջերմուկ քաղաքի համար ինչ վտանգ է ներկայացնում հակառակորդի ներկայությունը Հայաստանի տարածքում:

Ընդհանուր մակերեսային առումով ներթափանցած տարածքը կազմում է 60.06 քառակուսի կիլոմետր՝ ճակատով մոտ 11 կմ, խորությամբ՝ մոտ 8 կմ: Մեր գնահատմամբ՝ Ադրբեջանի զինուժը նպատակ էր հետապնդում դուրս գալու Ջերմուկ  քաղաքի վրա և տնտեսական լուրջ հարվածներ հասցնելու  Հայաստանին:

Ընդ որում՝ 44-օրյա ռազմական գործողությունների ավարտից հետո նրանց քայլերը սկսվել էին 2021-ի մայիսի 12-ից: Այդ ժամանակ գործողությունները նմանվում էին փափուկ ուժի կիրառմամբ խնդիրների կատարման, իսկ 2022-ի սեպտեմբերի 13-14-ին ռազմական ագրեսիա էին Հայաստանի հանդեպ: Հակառակորդի գործողություններն անմիջական հրթիռային,  ռեակտիվ, հրետանային, նաև ԱԹՍ-ների օգտագործմամբ հարվածներ են հասցրել ոչ միայն ռազմական օբյեկտներին,  այլև տնտեսական ու քաղաքական օբյեկտներին: Մեծ վնասներ են հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին, զգալի վնասներ է կրել Ջերմուկ քաղաքը, մինչև հիմա չի գործում ճոպանուղին: Նրանց գործողությունները ոչ միայն Վայոց ձորի ու Ջերմուկի ուղղությամբ էին, այլև Սյունիքի մարզում 2 հիմնական ուղղություններով, Գեղարքունիքի մարզում 2 ուղղություններով, այս ուղղությամբ, ընդհանուր 5 ուղղությամբ»,- ասել է նա:

ԳՇ պետը նաև նշել է, որ այդ ռազմական գործողությունների հետևանքով Հայաստանն ունեցել է և՛ մարդկային, և՛ տարածքային կորուստներ. «Ներկա դրությամբ հակառակորդը մոտ 139 քառակուսի կիլոմետր տարածքում գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում»:

Ասրյանը Ֆրանսիայի ԱԳ նախարարին ցույց է տվել, թե որտեղ էին ադրբեջանական դիրքերը նախքան սեպտեմբերի 13-14-ի ռազմական ագրեսիան, և որտեղ են հիմա դրանք գտնվում:

 

Add new comment