Submitted by D.Guyumjyan on
DETQ

Ասադը հայտնել է, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն առանց արտաքին միջամտության

Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադը հայտարարել է, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն առանց արտաքին միջամտության և բացառապես տարածաշրջանային երկրների մասնակցությամբ։ Ըստ «Դետք»-ի՝ սիրիական պետական SANA լրատվական գործակալությունը  հայտնում է, որ այս մասին Ասադն ասել է Արաբական լիգայի գագաթնաժողովի շրջանակում ունեցած ելույթում։ 

Սիրիայի նախագահն ընդգծել է, որ արաբական երկրները պատմական հնարավորություն ունեն վերադասավորելու իրենց գործերը նվազագույն չափով արտաքին միջամտությամբ։ Նա հույս է հայտնել, որ տարածաշրջանային պետությունների միջև համագործակցությունը կընդլայնվի։ 

«Հուսով եմ, որ դա նշանավորում է արաբական գործողությունների նոր փուլի սկիզբը մեր միջև համերաշխության, մեր տարածաշրջանում խաղաղության, պատերազմի և ավերածությունների փոխարեն զարգացման և բարգավաճման համար»,- ասել է նա։

Սիրիայի նախագահը նշել է, որ Դամասկոսի և արաբական այլ պետությունների միջև վերջին տասնամյակում առաջացած ճեղքերը պետք է վերացվեն։ Ըստ նրա՝ ժողովուրդներին պետք է թույլ տալ տնօրինել իրենց ներքին գործերը և խուսափել արտաքին միջամտությունից:

Հիշեցնենք, որ Արաբական լիգան կասեցրեց Սիրիայի անդամակցությունը 2011 թվականի նոյեմբերին, երբ այդ երկրում քաղաքացիական պատերազմ մեկնարկեց: Սիրիան, լինելով Արաբական լիգայի հիմնադիր վեց անդամներից մեկը, դատապարտեց այդ քայլը՝ այն որակելով որպես «անօրինական և կազմակերպության կանոնադրության խախտում»:

#Դետքի_հետագծով

Սիրիայի վերադարձն Արաբական պետությունների լիգա չափազանց կարևոր նշանակություն ունի այդ երկրի միջազգային մեկուսացմանը վերջ տալու տեսանկյունից։ Այս որոշումը կայացվել է ԱՄՆ-ի կողմից լիգայի անդամ երկրների նկատմամբ գործադրվող ճնշումների պայմաններում։ Արաբական երկրների լիգայի 22 անդամ երկրներից որոշմանն աջակցել են 13-ը։

Add new comment