Submitted by D.Guyumjyan on
DETQ

Եթե Բաքուն շարունակի պնդել «Զանգեզուրի միջանցքի» հարցում, Իրանը կդիմի վճռական քայլերի

Ամերիկաբնակ իրանցի փորձագետ Մոհամմադ Այաթոլլահի Թաբարը հայտարարել է, որ եթե Ադրբեջանը շարունակի պնդել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում և ուժի կիրառմամբ տիրանա դրան, ապա Իրանը կդիմի վճռական գործողությունների։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «ParsToday» լրատվական գործակալությունը։

Փորձագետն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից ուժի կիրառման դեպքում Իրանը 2020 թվականի նման համբերատար չի գտնվի։ Նա հերթական անգամ նշել է, որ իրանական կողմը դեմ է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանը։

Թաբարի խոսքով՝ չնայած իր տարածաշրջանային ազդեցությանը՝ Իրանը դեռևս  անմիջականորեն չի միջամտում հարևան երկրների գործերին և  նախընտրում է գործել իր դաշնակիցների ու ներկայացուցիչների միջոցով։ Նա վերահաստատել է, որ հայ-իրանական սահմանի պահպանումը Թեհրանի համար կարմիր գիծ է։

«Հետևաբար չի բացառվում, որ Իրանը որոշակի աջակցություն ցուցաբերի Հայաստանին կամ համագործակցի Ադրբեջանի շիա ուժերի հետ՝ Բաքվի ռեժիմին դիմակայելու և իր հյուսիսարևմտյան սահմանները պաշտպանելու համար»,- եզրափակել է նա։

#Դետքի_հետագծով

Իրանական կողմը դեմ է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանը և բազմիցս արտահայտել է այս հարցում իր սկզբունքային դիրքորոշումը։ Նման հայտարարություններն Ադրբեջանում դժգոհություններ են առաջացնում, քանի որ այդ երկրի հասարակական-քաղաքական շրջանակները պնդում են, որ երբ իրենց համոզմամբ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն էր խախտված, Իրանը նման կերպ չի արձագանքել և փաստացի ճանաչել է ստեղծված ստատուս քվոն։

Add new comment