Ադրբեջանի և Վրաստանի միջև քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել
Հունիսի 19-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև կայացել են հերթական քաղաքական խորհրդակցությունները։
Այս մասին, «Դետք»-ի հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը:
Ադրբեջանի կողմից պատվիրակությունը գլխավորում էր փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը, իսկ Վրաստանի կողմից՝ արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիան:
Ընդգծվել է տարածաշրջանում ադրբեջանա-վրացական համագործակցության ներդրման, ինչպես նաև Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան եռակողմ փոխգործակցության ձևաչափի կարևորությունը։
Խալաֆովը տեղեկացրել է Արցախի «հայ բնակչությանն ադրբեջանական հասարակությանը վերաինտեգրելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի և դրան Հայաստանի կողմից խոչընդոտելու մասին»։ Հանդիպման ժամանակ ընդգծվել է Ադրբեջանի և Վրաստանի միջև ռազմավարական բնույթ կրող կապերի ամրապնդման կարևորությունը:
Add new comment