Ի՞նչ փաստաթուղթ է առաջարկել Լավրովը հուլիսի 25-ին
Արցախի Հանրապետության նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը հրապարակել է փաստաթուղթ, որը, ըստ նրա, առաջարկել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հուլիսի 25-ին։
«Ստիպված եմ հրապարակել, որպեսզի հանրությունը հասկանա, թե ինչ է իրականում կատարվում…
Այսօր Պուտինը հնարավորություն ունի ՄԱԿ-ի անվտանգության նիստին փոխելու իր վերաբերմունքն ու պլանները…
Սպասենք…»,- գրել է Պետրոսյանը՝ հրապարակելով փաստաթուղթը։
«Դետքը» ստորև ներկայացնում է փաստաթղթի հայերեն թարգմանությունը։
Նախագիծ
Ադրբեջանական ԽՍՀ նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքում հայ բնակչության անվտանգության և իրավունքների ապահովման հիմնական սկզբունքներն ու պարամետրերը` համապատասխան ԱՀ օրենսդրությանը
1. Օրենքի առաջ հավասարություն և իրավահավասար պաշտպանություն. էթնիկական, լեզվական կամ կրոնական և այլ հիմքերով խտրականությունների բացառում։
2. Հայ բնակչությանն իր կոմպակտ բնակության վայրերից բռնի/հարկադիր տեղափոխության կանխարգելում։
3. Տեղական իշխանության ստորաբաժանումներում և զինված կազմավորումներում մասնակցելու պատրվակով հայ բնակչության ներկայացուցիչների նկատմամբ հետապնդման, պատժի և իրավունքների որևէ սահմանափակման օրենսդրական արգելք, բացառությամբ այն անձանց, որոնք դատարանում մեղավոր են ճանաչվել ռազմական հանցագործությունների համար։
4. Հայ բնակչության համամասնական ներկայացվածությունն օրենսդիր, դատական և գործադիր իշխանության հանրապետական, մարզային և քաղաքային կառույցներում, այդ թվում՝ ԱՀ ոստիկանության և դատախազության մարմիններ:
5. Մասնակցություն հանրապետական, թաղային և մունիցիպալ մակարդակներում հայ բնակչությանը վերաբերող որոշումների մշակմանը և ընդունմանը:
6. Հայերենի ազատ օգտագործումն ադրբեջաներենի հետ միասին պետական հաստատություններում, այդ թվում՝ պաշտոնական նամակագրության և գործավարության ժամանակ, ինչպես նաև հայաշատ բնակավայրերի հասարակական վայրերում, ներառյալ՝ ճանապարհային նշանների, ցուցանակների և հայտարարությունների տեղադրումը հայերենով:
7. Հայ բնակչության մասնավոր սեփականության, այդ թվում՝ անշարժ գույքի և հողամասերի անձեռնմխելիությունը:
8. Հասարակական կազմակերպությունների ստեղծում և դրանց անխափան գործունեության ապահովում։
9. Հայ բնակչության կողմից իրենց կրոնն ազատ դավանելու և կրոնական հաստատությունների ու կազմակերպությունների գործունեության համար անհրաժեշտ պայմանների ապահովում: Նրանց սեփականության անձեռնմխելիությունը:
10. Հայ մշակույթի և ազգային ինքնության, այդ թվում՝ պատմամշակութային ժառանգության պահպանում և հայալեզու զանգվածային լրատվության միջոցների զարգացում։
11. Պետական և մասնավոր ուսումնական հաստատություններում հայալեզու նախադպրոցական, նախնական, միջնակարգ և բարձրագույն կրթության ապահովում։
12. Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև առանձին համաձայնագրի հիման վրա Ադրբեջանական ԽՍՀ նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի և Հայաստանի Հանրապետության տարածքում հայ բնակչության միջև մշակութային, կրթական, գիտական, լրատվական, սպորտային և այլ հումանիտար սերտ շփումների ապահովում:
13. Հայ բնակչության՝ սահմանից այն կողմ ազատ և խաղաղ կապերի հաստատում և պահպանում այլ պետությունների տարածքում օրինական կերպով տեղակայված անձանց հետ, մասնավորապես այն անձանց հետ, որոնց հետ նրանք ունեն ընդհանուր էթնիկ, մշակութային, լեզվական և կրոնական ինքնություն կամ ընդհանուր մշակութային ժառանգություն։
14. Հայ բնակչության կողմից տնտեսական և մարդասիրական օգնության անխոչընդոտ ստացում դրսից:
Add new comment