Submitted by H.Andreasyan on
Ի՞նչ փաստաթուղթ է առաջարկել Լավրովը հուլիսի 25-ին

Ի՞նչ փաստաթուղթ է առաջարկել Լավրովը հուլիսի 25-ին

Արցախի Հանրապետության նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը հրապարակել է փաստաթուղթ, որը, ըստ նրա, առաջարկել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հուլիսի 25-ին։

«Ստիպված եմ հրապարակել, որպեսզի հանրությունը հասկանա, թե ինչ է իրականում կատարվում…

Այսօր Պուտինը հնարավորություն ունի ՄԱԿ-ի անվտանգության նիստին փոխելու իր վերաբերմունքն ու պլանները…

Սպասենք…»,- գրել է Պետրոսյանը՝ հրապարակելով փաստաթուղթը։

«Դետքը» ստորև ներկայացնում է փաստաթղթի հայերեն թարգմանությունը։

Նախագիծ

Ադրբեջանական ԽՍՀ նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքում հայ բնակչության անվտանգության և իրավունքների ապահովման հիմնական սկզբունքներն ու պարամետրերը` համապատասխան ԱՀ օրենսդրությանը

1. Օրենքի առաջ հավասարություն և իրավահավասար պաշտպանություն. էթնիկական, լեզվական կամ կրոնական և այլ հիմքերով խտրականությունների բացառում։

2. Հայ բնակչությանն իր կոմպակտ բնակության վայրերից բռնի/հարկադիր տեղափոխության կանխարգելում։

3. Տեղական իշխանության ստորաբաժանումներում և զինված կազմավորումներում մասնակցելու պատրվակով հայ բնակչության ներկայացուցիչների նկատմամբ հետապնդման, պատժի և իրավունքների որևէ սահմանափակման օրենսդրական արգելք, բացառությամբ այն անձանց, որոնք դատարանում մեղավոր են ճանաչվել ռազմական հանցագործությունների համար։

4. Հայ բնակչության համամասնական ներկայացվածությունն օրենսդիր, դատական ​​և գործադիր իշխանության հանրապետական, մարզային և քաղաքային կառույցներում, այդ թվում՝ ԱՀ ոստիկանության և դատախազության մարմիններ:

5. Մասնակցություն հանրապետական, թաղային և մունիցիպալ մակարդակներում հայ բնակչությանը վերաբերող որոշումների մշակմանը և ընդունմանը:

6. Հայերենի ազատ օգտագործումն ադրբեջաներենի հետ միասին պետական հաստատություններում, այդ թվում՝ պաշտոնական նամակագրության և գործավարության ժամանակ, ինչպես նաև հայաշատ բնակավայրերի հասարակական վայրերում, ներառյալ՝ ճանապարհային նշանների, ցուցանակների և հայտարարությունների տեղադրումը հայերենով:

7. Հայ բնակչության մասնավոր սեփականության, այդ թվում՝ անշարժ գույքի և հողամասերի անձեռնմխելիությունը:

8. Հասարակական կազմակերպությունների ստեղծում և դրանց անխափան գործունեության ապահովում։

9. Հայ բնակչության կողմից իրենց կրոնն ազատ դավանելու և կրոնական հաստատությունների ու կազմակերպությունների գործունեության համար անհրաժեշտ պայմանների ապահովում: Նրանց սեփականության անձեռնմխելիությունը:

10. Հայ մշակույթի և ազգային ինքնության, այդ թվում՝ պատմամշակութային ժառանգության պահպանում և հայալեզու զանգվածային լրատվության միջոցների զարգացում։

11. Պետական ​​և մասնավոր ուսումնական հաստատություններում հայալեզու նախադպրոցական, նախնական, միջնակարգ և բարձրագույն կրթության ապահովում։

12. Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև առանձին համաձայնագրի հիման վրա Ադրբեջանական ԽՍՀ նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի և Հայաստանի Հանրապետության տարածքում հայ բնակչության միջև մշակութային, կրթական, գիտական, լրատվական, սպորտային և այլ հումանիտար սերտ շփումների ապահովում:

13. Հայ բնակչության՝ սահմանից այն կողմ ազատ և խաղաղ կապերի հաստատում և պահպանում այլ պետությունների տարածքում օրինական կերպով տեղակայված անձանց հետ, մասնավորապես այն անձանց հետ, որոնց հետ նրանք ունեն ընդհանուր էթնիկ, մշակութային, լեզվական և կրոնական ինքնություն կամ ընդհանուր մշակութային ժառանգություն։

14. Հայ բնակչության կողմից տնտեսական և մարդասիրական օգնության անխոչընդոտ ստացում դրսից:

 

 

Ի՞նչ փաստաթուղթ է առաջարկել Լավրովը հուլիսի 25-ին
Ի՞նչ փաստաթուղթ է առաջարկել Լավրովը հուլիսի 25-ին

Ավելացնել նոր մեկնաբանություն