Submitted by D.Guyumjyan on
DETQ

Սաուդյան Արաբիան հույս ունի նոր փուլ բացել Իրանի հետ հարաբերություններում

Սաուդյան Արաբիայի նախարարների կաբինետը (կառավարություն - խմբ.) հույս ունի Իրանի հետ հարաբերություններում նոր փուլ բացել դիվանագիտական​​հարաբերությունների 7-ամյա ընդմիջումից հետո: Ըստ «Դետք»-ի՝ իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին կաբինետը հայտարարություն է տարածել Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի՝ անցյալ շաբաթ Էր Ռիադ կատարած այցից հետո։

Հաղորդվում է, որ սաուդական կողմը նշանավորում է Իրանի հետ հարաբերություններում նոր փուլի սկիզբը՝ հիմնված երկու երկրների ընդհանուր շահերի և փոխադարձ հարգանքի վրա։

Նշենք, որ Իրանի արտգործնախարարը վերոհիշյալ այցի ընթացքում հանդիպել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բեն Ֆարհանի և թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալմանի հետ։ Սա համարվում է իրանցի պաշտոնյայի առաջին հանդիպումը Սաուդյան Արաբիայի գահաժառանգի հետ երկու երկրների հարաբերությունների կարգավորումից հետո։

Հիշեցնենք, որ այս տարվա մարտին Իրանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են վերականգնել դիվանագիտական​​հարաբերությունները, իսկ ավելի ուշ վերաբացել են իրենց դեսպանատները։

#Դետքի_հետագծով

Չինաստանի միջնորդությամբ դեռևս այս տարվա մարտին Իրանը և Սաուդյան Արաբիան համաձայնության եկան երկկողմ հարաբերությունները կարգավորելու հարցում, որոնք խզված էին դեռևս 2016 թվականից։ Միջնորդական նման ջանքերով Պեկինը նախևառաջ հակակշռում է տարածաշրջանում Միացյալ Նահանգների ազդեցությունը, որը փորձում էր ամեն կերպ թույլ չտալ Թեհրանի և Էր Ռիադի հարաբերությունների կարգավորումը։

Add new comment