Եվրոպացի փորձագետները հայ-ադրբեջանական սահմանի օդային տարածքը ռիսկային են գնահատում
Նիդերլանդական «Dyami» ընկերությունը, որը մասնագիտացած է, մասնավորապես, ավիացիայի ոլորտի անվտանգային հարցերում եւ կատարում է ռիսկերի գնահատում ու տարատեսակ խորհրդատվություն է մատուցում, սեպտեմբերի 14-ին հայտարարել է, որ խորհուրդ է տալիս շրջանցել Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտու երկինքը, գրում է «Հետք»-ը։
Ընկերության կայքում նշվում է, որ Ադրբեջանը սեպտեմբերի 6-ից զգալի ռազմական ուժ է կուտակել Հայաստանի հետ սահմանին, ինչը տեղի է ունենում այն բանից հետո, երբ խաղաղության շուրջ բանակցությունների առաջընթացը կանգ է առել: Աղբյուրը նաեւ նկատում է, որ ադրբեջանական պետական մեդիան շարունակաբար Հայաստանը ներկայացնում է որպես «Արեւմտյան Ադրբեջան»:
«Ադրբեջանը գրեթե քայլ առ քայլ կրկնօրինակում է Ռուսաստանի վարքագիծը, մինչեւ վերջինս լայնածավալ ներխուժում կիրականացներ Ուկրաինա»,- հայտարարել է «Dyami»-ն:
Որպես կանխարգելիչ միջոց նիդերլանդական կողմն առաջարկում է բոլոր տեսակի օդանավերին շրջանցել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ընկած օդային տարածքը: Շեշտվում է, որ երկրներից մեկից մյուսի երկինք մտնելու փոխարեն անհրաժեշտ է օգտվել Վրաստան-Ադրբեջան օդային սահմանի «DISKA» եւ «ADEKI» անցումային կետերից (տես առաջին նկարում): Միաժամանակ ասվում է, որ չնայած «BARAD» անցակետը չի գտնվում Հայաստան-Ադրբեջան սահմանին (այն Վրաստան-Ադրբեջան սահմանին է, սակայն շատ մոտ է Հայաստան-Վրաստան-Ադրբեջան սահմանային «եռանկյունուն», տես ստորեւ), այն եւս պետք է շրջանցել:
Մեր կողմից հավելենք, որ Հայաստան-Ադրբեջան օդային սահմանի վրա կա 4 անցումային կետ՝ «MATAL» (Տավուշի հատվածում), «ELSIV» (Գեղարքունիք), «PEMAN» (Գեղարքունիք), «VETEN» (Գեղարքունիք): Սրանցից առավել ակտիվ կիրառվում են առաջին երեքը:
Նիդերլանդական աղբյուրը նշում է, որ հայ-ադրբեջանական լայնամասշտաբ բախման հավանականությունը բավականին մեծ է: «Այս կոնֆլիկտում Ադրբեջանի նպատակն, ըստ էության, իր տարածքի միացումն է Նախիջեւան էքսկլավին: Սա Ադրբեջանին ուղիղ ցամաքային կապ կապահովի դեպի իր ամենամերձավոր դաշնակիցը՝ Թուրքիա: Սա նշանակում է, որ Ադրբեջանի նպատակը հավանական կոնֆլիկտում լինելու է Հայաստանի հարավի անեքսիան՝ բռնակցումը: Փոքր հավանականություն կա, որ զորքերի ներկա կուտակումը կօգտագործվի որպես քաղաքական քայլ՝ «խաղաղության» բանակցություններում կոնկրետ արդյունքների հանգեցնելու նպատակով: Եթե լայնածավալ առճակատում սկսվի տարածաշրջանում, ապա օդային փոխադրումները մեծապես ազդեցություն կկրեն դրանից, քանի որ վտանգավոր կլինի Հայաստանի ու Ադրբեջանի տարածքների հարեւանությամբ որեւէ տեղ ճամփորդելը: Դա նաեւ կփակի Եվրոպայի ու Ասիայի միջեւ առեւտրային ավիացիայի եւս մի տարբերակ»,- գրել է «Dyami»-ն, որը նույնատիպ հաղորդագրությամբ հանդես էր եկել նաեւ սեպտեմբերի 8-ին:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։
Add new comment