Հարավային Կովկասում «խաղաղություն» հաստատելու ժամանակն է. Ալիև
Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրավերով աշխատանքային այցով մեկնել է Վրաստան:
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը:
«Հարավային Կովկասում դեռ լիովին խաղաղություն չի հաստատվել։ Եկել է Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու ժամանակը»,- հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում նշել է Ալիևը:
«Եվ հիմա մենք պետք է աշխատենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագրի վրա։ Եվ եթե դա մեզ հաջողվի, ապա Հարավային Կովկասում բոլորովին նոր քաղաքական իրավիճակ կստեղծվի»,- ասել է Ալիևը:
Նա նշել է, որ Հայաստանի կողմից համաձայնություն եթե լինի, կարող են երկկողմ և եռակողմ հանդիպումներ ունենալ Վրաստանում:
#Դետքի_հետագծով
Ադրբեջանը հատկապես վերջին շրջանում մեծացնում է դաշնակիցների իր շրջանակը՝ տարբեր երկրների հետ հարաբերությունները խորացնելու նպատակ հետապնդելով: «Խաղաղության» մասին խոսելիս Ադրբեջանն անտեսում է սեպտեմբերին իրականացրած ցեղասպան գործողությունները, որոնց հետևանքով Արցախի բնակչության գրեթե 98%-ը բռնի տեղահանվել է Հայաստանի Հանրապետություն:
«Խաղաղությանը» զուգահեռ Գերմանիայում Ադրբեջանի դեսպանը գրել է. «Ադրբեջանական տարածքի 109 կմ-ը գտնվում է Հայաստանի օկուպացիայի տակ… Հայաստանը պետք է վերադարձնի դրանք»:
Add new comment