Գազայի հատվածից պաղեստինցիների վտարումը կամ այդ տարածքի օկուպացումն անթույլատրելի է․ Բերբոք
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը հայտարարել է, որ պաղեստինցիներին չի կարելի վտարել Գազայի հատվածից, իսկ շրջանը չպետք է օկուպացվի։ Ըստ «Դետք»-ի՝ գերմանական «Deutsche Welle» լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին Բերբոքն ասել է Տոկիոյում «Մեծ յոթնյակի» (G7) նախարարների հանդիպումից հետո:
Բերբոքը նշել է, որ հանդիպման մասնակիցներն ակտիվորեն քննարկել են Գազայի հատվածում տիրող իրավիճակը։ Նա կարծում է, որ անհրաժեշտ են որոշ կողմնորոշիչներ Գազայի հատվածի ապագայի և երկու պետությունների ստեղծման հիման վրա հակամարտության լուծման համար:
Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել է, որ առաջին հերթին Գազայի հատվածից այլևս չպետք է ահաբեկչական սպառնալիք ծագի Իսրայելի անվտանգության համար։
«Դա նշանակում է, առաջին հերթին, որ Գազայի հատվածից այլևս չպետք է ահաբեկչական սպառնալիք ծագի Իսրայելի անվտանգության համար։ Երկրորդ՝ պաղեստինցիներին չպետք է վտարել Գազայից։ Երրորդ` չպետք է լինի Գազայի հատվածի օկուպացիա, փոխարենը պետք է ապահովվի հնարավորինս լավ միջազգային պաշտպանություն։ Չորրորդ` սա նշանակում է, որ պետք չէ հասնել Գազայի հատվածի տարածքային կրճատմանը։
Եվ վերջապես հինգերորդ` չպետք է լինի ոչ մի լուծում՝ շրջանցելով պաղեստինցիներին, ամեն ինչ պետք է դիտարկվի այն ըմբռնումով, որ ապագայում Իսրայելի ժողովուրդն ու Պաղեստինի ժողովուրդն իրավունք ունեն վերջապես ապրելու խաղաղության և անվտանգության մեջ»,- եզրափակել է նա։
#Դետքի_հետագծով
Գազայի հատվածում ստեղծված իրավիճակն անհանգստացնում է միջազգային դերակատարներին, որոնք ձգտում են իրավիճակը պահել իրենց վերահսկողության տակ։ Միևնույն ժամանակ վերջիններս, այդ թվում` Գերմանիան, փորձում են ամեն կերպ աջակցել Իսրայելին, որպեսզի նա խոշոր կորուստներ չունենա ավելի քան 1 ամիս շարունակվող ռազմական գործողությունների հետևանքով։
Add new comment