1

ՀՀ ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունը ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հայտարարության վերաբերյալ

ՀՀ ԱԳՆ խոսնակը մեկնաբանություն է տվել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հայտարարության վերաբերյալ:

Մեկնաբանությունում  մասնավորապես ասվում է. «Հայաստանի Հանրապետության կառավարությունը բոլորովին վերջերս հրապարակել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի հիմնարար սկզբունքներից ակնհայտ է դառնում, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման դեպքում Հայաստանի Հանրապետությունն իր տարածքում իր պետական ինստիտուտների միջոցով պետք է իրականացնի սահմանային, մաքսային հսկողություն: 

Բացի դրանից՝ ՀՀ ԱԱԾ-ում վերջերս ստեղծվել է հատուկ ստորաբաժանում, որի խնդիրը տարածաշրջանային կոմունիկացիաների բացման դեպքում այդ կոմունիկացիաների, ինչպես նաև դրանցով ապրանքների, բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցման անվտանգության ապահովումն է:  

Հայաստանի Հանրապետությունը երբևէ, որևէ փաստաթղթով չի համաձայնվել իր սուվերենության որևէ սահմանափակման, և իր սուվերեն տարածքի որևէ հատվածի վրա երրորդ երկրի վերահսկողություն հաստատվել չի կարող»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ եռակողմ պայմանավորվածությունների համապատասխան՝ տրանսպորտային հաղորդակցության վերահսկումը Ադրբեջանի և Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջև իրականացնելու են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները:

Add new comment